«Զույգի հանդիպման հենց սկզբում կինը 21 պահանջ է դնում տղամարդու առաջ, որոնք կատարելու դեպքում միայն նրանք կարող են միասին ապրել». նոր ֆիլմ՝ «Ես ոչինչ չեմ ուզում»
ЛАЙФՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Ես ոչինչ չեմ ուզում» Ֆիլմը ռեժիսոր Սասուն Մելիքյանի 2-րդ կարճամետրաժ ֆիլմն է, որը նկարահանվել է 2023֊թ.-ի աշնանն ու արդեն մոնտաժային փուլում է։ Ֆիլմի գաղափարի ու ստեղծման պատմության մասին Tert.am Life-ը զրուցել է ռեժիսոր, սցենարի հեղինակ Սասուն Մելիքյանի հետ, ով չցանկանալով շատ չակերտները բացել՝ նշեց, որ ֆիլմի պրեմիերան հավանաբար կկայանա միջազգային կինոփառատոններից մեկում։
-Ինչո՞ւ «Ես ոչինչ չեմ ուզում»...
-Վերնագիրը երկիմաստ է, հուշում է, որ միմյանցից ոչինչ պետք չէ ակնկալել առանց խնդիր միասին ապրելու համար։ Մյուս կողմից արտահայտում է միմյանցից նեղացածույթունը, մանկամիտ չկայացածությունը։
-Ինչի մասին է ֆիլմը:
Ֆիլմը կին-տղամարդ հարաբերությունների մասին է: Այն մասին, թե ինչ պահանջներ կարող են ունենալ միմյանց հանդեպ կինն ու տղամարդը, որպեսզի նախապես այնպես պայմանավորվեն հարաբերություններում, որ հետագա համատեղ կյանքում խնդիրներ չառաջանան:
-Ինչպե՞ս ծնվեց գաղափարը:
-Սեփական փորձից:
-Ովքե՞ր են դերասանական կազմում:
-Նարեկ Ներսիսյանը, Ֆրիդա Յորքը, Նարեկ Ալեքսանյանը:
-Ինչպե՞ս է անցել նկարահանումների ընթացքը, կպատմե՞ք ինչ խոչընդոտներ են եղել ճանապարհին:
-Նկարահանումները կատարվել են շատ կարճ ժամանակում, 2 օրվա ընթացքում, քանի որ Նարեկը բնակվում է ԱՄՆ ում և պետք է մեկներ: Նյութը բավականին ծավալուն էր, բայց դերասանները շատ պրոֆեսիոնալ կատարեցին իրենց պարտականությունը: Ես գոհ եմ իրենցից և անչափ շնորհակալ եմ իրենց նվիրվածության համար: Շնորհակալ եմ նաև ամբողջ ստեղծագորածական կազմին, որ սիրով կատարեցին իրենց գործը:
Կուզեի ավելի երկար ժամանակ տրամադրել նախապատրաստական աշխատանքներին։ Փորձեցինք անել առավելագույնը և հիմա, որ դիտում եմ նկարահանված նյութը` բավականին լավ է ստացվել։ Շատ պերֆեկցիոնիզմն էլ լավ չէ, այդպես գործը կարող է տարիներով հղկես ու նկարելու պահը բաց թողնես։
-Ի՞նչ փուլում է հիմա ֆիլմը:
-Ֆիլմը հիմա մոնտաժային փուլում է: Դեռևս պարզ չէ, բայց հավանաբար պրեմիերան կլինի միջազգային կինոփառատոններից մեկում:
-Ինչո՞ւ դիտողը պետք է ընտրի հենց այս ֆիլմը, ինչո՞վ է այն տարբերվում:
-Կարծում եմ, հետաքրքիր է դիտել ֆիլմ, որը սկվսելուն պես, զույգի հանդիպման հենց սկզբում կինը 21 պահանջ է դնում տղամարդու առաջ, որոնք կատարելու դեպքում միայն նրանք կարող են միասին ապրել:
Տարբերվում է բաց, սադրանքային, ինքնահեգնական, սարկաստիկ դիալոգներով: ֆիլմը փերֆորմանսի տպավորություն կթողնի, հուսով եմ:
Հեղինակ՝ Անի Մնացականյան