ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ՝ Սիսիանի Ազգային պատկերասրահի մասնաճյուղը նորովի է ներկայնում արվեստասերին
ОБЩЕСТВОՍիսիանի պատկերասրահը, որ գործում է 1996 թվականից, հաստատուն տեղ ունի տարածաշրջանի մշակութային քարտեզի վրա։ Բայց և հատկապես վերջին տարիներին հիմնանորոգելու խնդիր էր ծագել։ Այսօր արդեն պետական միջոցներով և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆինանսավորմամբ մասնաճյուղը նորովի է ներկայնում արվեստասերին։
Օգոստոսի 7-ին տեղի ունեցավ նորոգված և արդիականացված պատկերասրահի բացման արարողությունը։ Տոնական շունչը սկսվում էր մասնաճյուղի բակից, որտեղ պատանի գեղանկարիչները, նկարակալի առջև նստած, իրենց ընկալումներն էին հաղորդում թղթին։
Հանդիսությանը մասնակցում էին Սիսիանի համայնքապետ Արմեն Հակոբջանյանը, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը, Զաքար Խաչատրյանի որդին՝ Արամ Խաչատրյանը, հրավիրված անձինք մայրաքաղաքից և այլ վայրերից, պարզապես արվեստասերներ։
Պատկերասրահի վերաբացումը նվիրված էր ՀՀ ժողովրդական նկարիչ, ՌԴ վաստակավոր նկարիչ, Սանկտ Պետերբուրգի գիտության և արվեստի Պետրովյան ակադեմիայի անդամ Զաքար Խաչատրյանի ծննդյան 100-ամյակին։ Սիսիանի պատկերասրահում բացվել էր արվեստագետի մեկդարյա հոբելյանին նվիրված ժամանակավոր ցուցադրություն, որ ընդգրկում էր գեղանկարչի՝ տարբեր տարիների ստեղծագործությունները՝ «ՔԱՋՎԱՐԴԵՐ, 1961», «ԱՌԱՎՈՏ, 1974», «ՆԱՏՅՈՒՐՄՈՐՏ, 1963» և այլն։
Ազգային պատկերասրահի Սիսիանի մասնաճյուղի վերաբացման առիթով բարեմաղթանքի խոսքեր հնչեցրին Մարինա Հակոբյանը, Հայաստանի ազգային պատկերասրահի «Սիսիանի պատկերասրահ» մասնաճյուղի վարիչ Անուշ Մուրադյանը, Զաքար Խաչատրյանի և Արտաշես Հովսեփյանի տուն-թանգարանի վարիչ Արևհատ Ամիրյանը, Զաքար Խաչատրյանի որդին՝ Արամ Խաչատրյանը, ով երախտագիտություն հայտնեց մասնաճյուղի նորոգումը նախաձեռնողներին և իրականացնողներին, նաև հավելեց, որ ուրախ կլիներ, եթե մասնաճյուղի նորոգումը լիներ հոր կենդանության օրոք։ Մարինա Հակոբյանն ու Անուշ Մուրադյանն իրենց խոսքում երախտագիտություն հայտնեցին Ազգային ժողովի պատգամավոր, գեղանկարիչ Դավիթ Դանիելյանին, ում սրտացավության և աջակցության շնորհիվ ծրագիրն իրականություն դարձավ։
Արևհատ Ամիրյանն էլ ընդգծեց այն հանգամանքը, որ Զաքար Խաչատրյանի՝ Սիսիանի Սպանդարյան փողոցի առանձնատան կամարակապ պատին փակցված է եղել ցուցանակ՝ «Սիսիանի շրջանի կուլտուրայի տան արվեստի ստուդիա»։ 1961-ին Մերկուրովի և Կոջոյանի արվեստի ստուդիաներից հետո Զաքար Խաչատրյանի ստեղծած ստուդիան երրորդն էր հանրապետությունում և ծնունդ տվեց Սիսիանի գեղանկարիչների մի փաղանգի՝ սկսած Արտաշես Հովսեփյանից և Փարավոն Միրզոյանից մինչև մեր օրերի սկսնակ, շնորհալի գեղանկարիչներն ու քանդակագործները։
Բացման արարողությունից հետո «Սյունյաց երկիրը» դիմեց պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանին՝ ներկայացնելու օրվա խորհուրդը։ «Հաճելի էր նկատել, որ բոլորի աչքերում և´ ուրախություն, և´ հետաքրքրություն, և´ ոգևորություն կար։ Իրականում դա ոչ հաճախ պատահող երևույթ է, ինչը, կարծում եմ, բնութագրում է սիսիանցիներին, ովքեր կարևորում են նման երևույթն իրենց տանը։ Այս պատկերասրահը միավորում է Զաքար Խաչատրյանի և Արտաշես Հովսեփյանի տուն-թանգարանը։ Կարծում եմ՝ բոլորիս ջանքերով շատ շուտով նման խորհրդանշական օր ունենալու ենք նաև մեր մասնաճյուղում։ Իսկ օրվա ամենակարևոր խորհուրդն այն է, որ բոլորով միասին նշում ենք ականավոր գեղանկարչի 100-ամյակը»։
Այս ամենով հանդերձ մտահոգիչ է մնում պատկերասրահի տանիքի նորոգման խնդիրը։ Բացման արարողությունից հետո Սիսիանի համայնքապետ Արմեն Հակոբջանյանն ու ՀՀ ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը քննարկում էին խնդիրը և փորձում համատեղ ուժերով լուծում գտնել։