ՌԴ-ում վաճառվող հայկական կոնյակի գրեթե 90%-ն անվտանգ չէ. հետազոտություն
ЭКОНОМИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանում վաճառվող հայկական կոնյակի գրեթե 90%-ն անվտանգ չէ, իսկ արտադրանքի գրեթե 50%–ը պարունակում է ոչ ալկոհոլային սպիրտ, որը չպետք է լինի կոնյակի մեջ։ Այս մասին, ТАСС-ի փոխանցմամբ, նշվում է «Անտիկոնտրաֆակտ» ասոցիացիայի և Ռուսաստանի կոնյակ, սպիրտ և ալկոհոլային խմիչք արտադրողների միության համատեղ հետազոտության մեջ։
Նշվում է, որ ուսումնասիրության համար ձեռք են բերվել հայկական 10 խոշորագույն արտադրողների ավելի քան 20 ապրանքային նշանի 200 նմուշ:
Այն բանից հետո, երբ 10 նմուշից 9-ում խախտումներ են հայտնաբերվել, «Անտիկոնտրաֆակտը» դիմել է ՌԴ գլխավոր դատախազություն, Դաշնային մաքսային ծառայություն և Ռոսալկոգոլտաբակկոնտրոլ՝ Հայաստանից ներմուծվող կոնյակի նկատմամբ վերահսկողության միջոցներ ձեռնարկելու խնդրանքով։
Միևնույն ժամանակ նշվում է, որ ուսումնասիրված 200 նմուշներից միայն 23-ն է համապատասխանել սահմանված նորմերին։
Ինչպես նշված է համապատասխան դիմումներում, Հայաստանից եկող «կեղծ ալկոհոլային արտադրանքը պայմաններ է ստեղծում անբարեխիղճ մրցակցության և գների դեմպինգի համար»։
«Արդյունքները ցնցող են։ Մենք պատրաստ էինք ինչ-որ քանակի խախտումներ հայտնաբերել, բայց որ խանութներում կոնյակների գրեթե կեսը կեղծ է, դա մասշտաբային ցուցանիշ է։ Նույն ապրանքանիշի շշալցման նույն ամսաթվով նմուշները կարող են համապատասխանել նորմերին, այլ ամսաթվով նմուշները` պարունակել ոչ խաղողային ծագման սպիրտ», - ասել է «Անտիկոնտրաֆակտ» ասոցիացիայի գլխավոր տնօրեն Քրիստինա Սկրիպնիկը։