ԶՊՄԿ-ն կշարունակի ամենօրյա գործուն աջակցությունը Կապանին ու Քաջարանին
ОБЩЕСТВОՕրերս նշվել է Կապանի օրը, ինչի առիթով քաղաքի բնակիչներին շնորհավորել է ԶՊՄԿ-ն։
Սիրելի կապանցիներ,
Մատենագիրները որպես բնակավայր Կապանը հիշատակում են 5-րդ դարից, իսկ 10-րդ դարի վերջում՝ որպես Սյունյաց թագավորության մայրաքաղաք։
Սյունիքի մարզկենտրոնը հերոսական կենսագրությամբ, յուրօրինակ մշակույթ ունեցող և ամեն օր գեղեցկացող մի բնակավայր է, որի բնակիչները խնամքով պահպանում են տեղի ավանդույթները և սովորույթները։
Կապանը հայտնի է իր արդյունաբերական ավանդույթներով, որոնք իրենց զարգացումն ապրեցին 1924-1930-ական թթ.-ին, երբ երկրաբաններն ուսումնասիրեցին տեղի հանքավայրերը և տվեցին հեռանկարային նկարագիր: Այդ ավանդույթները շարունակվում են նաև մեր օրերում, և պատահական չէ, որ մեր ընկերության աշխատակիցների մեկ երրորդից ավելին հենց կապանցիներ են։
Համոզված ենք, որ Կապանի օդանավակայանի և Կապան-Երևան-Կապան կանոնավոր չվերթի գործարկումը ևս նոր զարկ է հաղորդել տարածաշրջանի և մարզկենտրոնի կյանքի աշխուժացմանը։
Մեր ընկերությունը կշարունակի իր ամենօրյա գործուն աջակցությունը քաղաքի խնդիրների լուծմանը և զարգացման ծրագրերի իրականացմանը, որոնք ավելի համակարգված և լայնածավալ բնույթ են կրում անցած տարի ԶՊՄԿ-ի և Կապանի համայնքապետարանի միջև ստորագրված համագործակցության հուշագրով։
Շնորհավորում ենք Կապանի օրը, միասին դեպի նոր նվաճումներ և հորիզոններ։
Հավելենք, որ ԶՊՄԿ-ն շնորհավորել է նաև Քաջարի տոնը, որ նույնպես օրերս է նշվել։
Սիրելի քաջարանցիներ
Դեռևս անցյալ դարի 40-ականների վերջին Քաջարանում մեկնարկել է լեռնահանքային արդյունաբերությունը: Այդ պահից սկսած անգնահատելի է Քաջարանի և աշխատասեր քաջարանցիների դերը մեր հանրապետության արդյունաբերության և տնտեսության հզորացման մեջ։
Այսօր մենք պետք է շնորհակալություն հայտնենք բոլոր նրանց, ովքեր կառուցել են այս քաղաքը, ամուր ու կայուն հիմքերի վրա են դրել հանքարդյունաբերական համալիրը, նաև նպաստել են մեր բոլորիս կոմբինատի կանգուն մնալուն Հայաստանի համար դժվարագույն ժամանակաշրջանում՝ 1990-ական թվականներին։
Քաջարանի բարեկարգումը և ծաղկուն տեսքի պահպանումը բոլորիս առաջնային խնդիրն է, և մենք շարունակելու ենք համայնքապետարանի հետ մեր սերտ համագործակցությունը քաղաքի հետագա բարեկարգման ուղղությամբ։
Լիահույս ենք, որ միասին կապահովենք այս քաղաքի կայուն և շարունակական զարգացումը: Կանենք հնարավորը, որ քաջարանցիների հաջորդ սերունդները ևս իրենց ապագան կառուցեն այստեղ:
Շնորհավոր տոնդ, Քաջարան, երկրիդ տնտեսական ողնաշարն ամուր պահող հզո'ր քաղաք։