Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի առաջնորդած «Համահայկական ճակատ» կուսակցությունը պետական գրանցում է ստացել
ПОЛИТИКАՀայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունն այսօր գրանցել է «Համահայկական ճակատ» կուսակցությունը։
Խորհրդանշական է, որ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի առաջնորդած «Համահայկական ճակատ» կուսակցության գրանցումը տեղի է ունենում այսօր՝ օգոստոսի 23-ին` ՀՀ Անկախության հռչակագրի ընդունման 34-րդ տարեդարձի օրը։
Այս ամբողջ ընթացքում «Համահայկական ճակատ» շարժումն արդեն ահռելի աշխատանք է արել, հազարավոր համակիրներ, տասնյակ հասարակական-քաղաքական կազմակերպություններ համախմբվել են «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանի շուրջ։
Կազմակերպչա-իրավական բազմաթիվ հարցեր լուծելու համար նույնանուն կուսակցության ստեղծումը չափազանց կարևոր հանգամանք է, որը նոր որակ ու բովանդակություն է հաղորդելու թե՛ արագորեն թափ հավաքող, ՀՀ ընդդիմադիր դաշտում իր առանցքային տեղն ունեցող շարժմանը, թե՛ ՀՀ անկախության համար պայքարի գաղափարին։
Ի դեպ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել, նշել, որ այսօր մեր ժողովրդի առաջ կրկին դրված է անկախության իրավունքը հաստատելու, պետականությունը պահպանելու, Հայաստանի սահմանների անվտանգությունն ու անձեռնմխելիությունն ապահովելու, Արցախի կարգավիճակը վերականգնելու և արցախցիների իրավունքները պաշտպանելու, հայերի իղձերն իրականացնելու և պատմական արդարության վերականգնելու խնդիրը։
«Հայաստանի քաղաքացիների հավատքը և հայրենիքի հանդեպ սերն անդրդվելի են, նրանց աշխատանքը հսկայական ներդրում է մեր երկրի զարգացման գործում։ Խիզախորեն, հաղթահարելով բոլոր դժվարությունները, նրանք պաշտպանում են ազգային շահերը։ Ինչպես և Անկախության հռչակագրի ընդունման օրը, մենք պետք է միասնական լինենք մեր պետականությունը պահպանելու ձգտումներում, հայ ժողովրդի ճակատագրի պատասխանատվության հարցում։ Մեր երկրի գոյությունն ու բարգավաճումը կախված է մեզանից յուրաքանչյուրից»,- նշել է Արշակ Կարապետյանը։