Մի քանի դարի պատմություն ունեցող աքսեսուար երեկոյան հանդերձանքի պարտադիր մա՞ս, թե՞ ամենօրյա պայուսակ. «Փաստ»
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ«Փաստ» օրաթերթը գրում է.
Դժվար է պատկերացնել կնոջ երեկոյան հանդերձանք առանց քլատչի՝ փոքրիկ ձեռքի պայուսակի: Ի վերջո, այն, լինելով երեկոյան հագուստի պարտադիր տարր, ամբողջացնում է կնոջ տեսքը։ Այդ աքսեսուարը հարուստ պատմություն ունի, մարդիկ այն սկսել են օգտագործել՝ սկսած 16-րդ դարի վերջից:
Քլատչ պայուսակի պատմությունն սկսվել է դրամապանակների ի հայտ գալուց, որոնք ի սկզբանե նախատեսված էին փող պահելու համար: Հետագայում այդ դրամապանակների մեջ սկսել են նաև այլ անհրաժեշտ մանր իրեր դնել, օրինակ՝ թելեր ու ասեղներ։ Աստիճանաբար դրամապանակները չափերով մեծացել են, իսկ մարդկանց թիվը, որոնք ցանկանում էին նման դրամապանակ կրել, աճել է։ Տիկնայք սկսել են դրանց մեջ կրել ոչ միայն փող, այլ նաև զարդեր, հայելիներ, սիրային նամակներ և նույնիսկ անձնական օրագրեր։ Այն ժամանակներում ամենից հաճախ այդ պայուսակները եղել են գոտիների վրա կամ նույնիսկ թաքցրած են եղել զգեստի տակ՝ հեռու գողերի ու հետաքրքրասերների աչքերից:
16-րդ դարի վերջում նման չափերով մեծ դրամապանակները դարձել են հպարտության և պարծենալու իսկական աղբյուր։ Կարի կատարելագործված տեխնոլոգիաները հնարավորություն են տվել այդ աքսեսուարը զարդարել թանկարժեք քարերով և ոսկե դաջվածքով։ Նորաձևության մեջ հայտնվել են ցանցավոր պայուսակները՝ «ռիդիկյուլները»: Անգլիայում նման խոշոր դրամապանակները սկսել են կոչել «clutch»՝ թարգմանաբար՝ «բռնել»:
Արդեն 19-րդ դարի վերջերին քլատչերը ձեռք են բերել իրենց ժամանակակից տեսքը. դրանք ունեին երկարավուն ձև և հատուկ փոկ, որով այն կախվում էր դաստակից։
Քսաներորդ դարի սկզբին մարդիկ սկսել են մոռանալ քլատչ պայուսակների մասին։ Դրան նպաստել է աշխարհի անբարենպաստ քաղաքական իրավիճակը՝ մարդիկ ժամանակ չունեին նորաձևության միտումների համար։ Բայց, բարեբախտաբար, հայտնի դիզայներներ Կոկո Շանելի և Քրիստիան Դիորի շնորհիվ այդ փոքրիկ պայուսակները կրկին պահանջված են դարձել: Շատ կանայք, փորձելով նմանվել իրենց կուռքերին, կրում էին նույնը, ինչ նրանք։ Իսկ Կոկոն երբեք տանից դուրս չէր գալիս առանց ձեռքին փոքրիկ պայուսակ։
Ներկայում քլատչը և՛ երեկոյան, և՛ ամենօրյա աքսեսուար է։ Դիզայներների շնորհիվ քլատչերը լայն տարածում են գտել բնակչության տարբեր կատեգորիաների շրջանում։ Ստեղծելով ձեռքի պայուսակներ տարբեր նյութերից՝ տարատեսակ զարդերի հավելումներով (կիսաթանկ և թանկարժեք քարեր, ուլունքներ, փականներ, մետաղական տարրեր և նույնիսկ մորթի), նորաձևության տները ուրախացնում են նորաձևության սիրահարներին՝ ներկայացնելով այդ պայուսակի տարբեր տեսակներ՝ միջոցառումների, աշխատանքի կամ պարզապես երեխաների և ընկերների հետ զբոսանքի համար։ Մի քանի դար առաջ մուտք գործելով մեր կյանք՝ քլատչը շարունակում է մնալ սիրված աքսեսուար բոլոր տարիքի կանանց շրջանում, քանի որ փոքրիկ ձեռքի պայուսակի ճիշտ ընտրությունը օգնում է զարդարել և լրացնել ցանկացած տեսք:
ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում