Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երևանում շաուրմայից թունավորման հերթական դեպքն է արձանագրվել:MediaHub-ին ահազանգած քաղաքացին տեղեկացրեց, որ Երևանի Բաղրամյան պողոտայում գործող արագ սննդի կետը թունավոր սնունդ է վաճառում: Նրա խոսքով՝ սննդի կետում շաուրմա ուտելուց հետո նա մի քանի օր շատ վատ է իրեն զգացել, երեք օր 39 ջերմություն է ունեցել և շտապօգնություն կանչելուց հետո տեղափոխվել Մալաթիայի ինֆեկցիոն հիվանդանոց:
«Ամենավատը գիտե՞ք որն է, որ այսքանից հետո շաուրմայանոցը դեռ գործում է, շարունակում է աշխատել։ Երեք օր առաջ ես և ընկերս այդ արագ սննդի կետից շաուրմա գնեցինք, որից երկուսս էլ թունավորվեցինք, նույն սիմպտոմներն ունեինք։ Բացի մեզնից, այդ շաուրման կերել են նաև երեք այլ քաղաքացիներ, բոլորս թունավորվել ենք»,– նշեց ահազանգած քաղաքացին։
Տղամարդը նշեց, որ այնքան վատ է իրեն զգացել, որ հաջորդ օրը չի դիմացել և շտապօգնություն է կանչել, Մալաթիայի ինֆեկցիոն հիվանդանոցում ասել են՝ սննդային թունավորում է, բայց ավելի հստակ անալիզների պատասխանից կիմանան։
Ահազանգած քաղաքացին դեռ հստակ չի որոշել, թե ինչ է անելու այդ արագ սննդի կետի հետ կապված՝ բողոքելու է, պահանջելու է, որ փակեն կամ տուգանվեն, նաև չի որոշել Տեսչական մարմնին դիմելու է, թե ոչ, բայց հստակ նշեց, որ գործը այսպես չի թողնելու և երբ վերջնական կազդուրվի, ապա անպայման կզբաղվի այդ հարցով։
MediaHub-ը կապ հաստատեց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ, որտեղից մեզ ասացին, որ ոչ միայն ստացել են բողոքը, այլ արդեն ստուգումներ են ընթանում։
«Ոչ միայն բողոք ենք ստացել, այլ նաև թունավորման մասին փաստն ենք ստացել, և արդեն երեկ վերահսկողություն է արվել։ Նմուշներ են վերցվել և հանձնվել լաբարատոր փորձաքննության»,– նշեցին ՍԱՏՄ–ից։
Նաև հավելեցին, որ մինչ լաբարատոր փորձաքննության պատասխանները չլինեն, չեն կարող այդ արագ սննդի կետի աշխատանքը դադարեցնել, ստուգումը ընթանում է։
Մեզ մնում է արձանագրել, որ Երևանում, այդ թվում նաև կենտրոնում գործող բազմաթիվ սննդի կետեր շարունակում են անբարեխիղճ մոտեցում ցուցաբերել հաճախորդների նկատմամբ՝ վաճառելով սնունդ, որը ոչ միայն պիտանի չէ, այլև վտանգավոր քաղաքացիների կյանքի համար:
Զորօրինակ, նյութը պատրաստելու պահին ՍԱՏՄ-ից տեղեկացանք, որ Երևանի կենտրոնում ՝ Խորենացի փողոցում, կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը բազմաթիվ խախտումների պատճառով:
MediaHub-ն ուշադրության կենտրոնում կպահի այս դեպքը, կհետևենք դրա ընթացքին, և եթե հաստատվեն լաբարատոր փորձաքննության արդյունքները, ապա հաջորդիվ կհրապարակենք սննդի կետի հասցեն և անվանումը՝ հույս ունենալով, որ դրա գործունեությունը կկասեցվի, քանզի վտանգ է ներկայացնում քաղաքացիների առողջությանը:
Մարիաննա Արամյան
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live