2015-ին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 3,1 տոկոսով
ЭКОНОМИКАՀայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2015 թվականի հունվար-դեկտեմբերին 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3,1 տոկոսով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Անկում են գրանցել առևտրի շրջանառության և արտաքին առևտրաշրջանառության ոլորտները:
Շինարարության ծավալը աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 0,3 տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը ևս աճ է գրանցել` 0,6 տոկոսով: 2015թ. հունվար-դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ծառայությունների ծավալն (առանց առևտրի) աճել է 2,7 տոկոսով, իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը պահպանել է երկնիշ աճի ցուցանիշը՝ 11,7 տոկոս:
Առեւտրի շրջանառությունը նվազել է 8 տոկոսով: Արդյունաբերական արտադրանքի ծավալը` 5,2 տոկոսով աճել է 2014թ. հունվար-դեկտեմբերի համեմատ: Սպառողական գների ինդեքսն աճել է 3,7 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը նվազել է 0,8 տոկոսով:
Միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 7,7 տոկոսով` կազմելով 184 հազար 441 դրամ: Արտաքին ապրանքաշրջանառության ծավալները 2015թ. հունվար-դեկտեմբերին 2014-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 20,6 տոկոսով (4 միլիարդ 740,9 մլն ԱՄՆ դոլար), ընդ որում` արտահանումը նվազել է 3,9 տոկոսով (1 միլիարդ 486,9 մլն դոլար), իսկ ներմուծումը նվազել է 26,5 տոկոսով (3 միլիարդ 254 մլն դոլար): Դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար-դեկտեմբերին կազմել է 477.92: