14 տարեկան երիտասարդի ֆենոմենը, տնտեսական լուրջ հարվածներն ու դժվարին վերածնունդը. «Փաստ»
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ«Փաստ» օրաթերթը գրում է.
Իռլանդիայի գրեթե կենտրոնում է գտնվում Թալլամոր փոքր քաղաքը (Օֆֆալի կոմսությունում), որտեղ արտադրվում է աշխարհի ամենաբարձր որակի վիսկիներից մեկը։ Խոսքը Tullamore Dew վիսկիի մասին է։ Այդ վիսկիի պատմությունը սկսվել է 1829 թվականին, երբ ոմն Մայքլ Մոլլոյ բացել է իր փոքրիկ թորման գործարանը։ Պարոն Մոլլոյը վիսկիի արտադրությամբ է զբաղվել մինչև իր մահը՝ 1857 թվականը: Նրա մահից հետո արտադրությունն անցել է նրա եղբորորդուն՝ Բեռնարդ Դեյլիին։ Հաջորդ 30 տարվա ընթացքում նա ամեն ինչ արել է հորեղբոր բիզնեսը զարգացնելու համար։ Կարևոր իրադարձություն, ինչպես պարզ է դարձել շատ ավելի ուշ, տեղի է ունեցել 1862 թվականին, երբ Դենիել Էդմոնդ Ուիլ յամսը, որն այդ ժամանակ ընդամենը 14 տարեկան էր, աշխատանքի է ընդունվել թորման գործարանում։
Չնայած իր երիտասարդ տարիքին, Դենիելը դարձել է վարպետ թորող ընդամենը մի քանի տարվա վերապատրաստումից հետո։ 1887 թվականին Բեռնարդ Դեյլին մահացել է, և նրա որդին է ժառանգել գործարանը: Դեյլի կրտսերը սպորտի մոլի երկրպագու էր, պոլո խաղացող, և, նրա կարծիքով, հոր ձանձրալի բիզնեսն իրենը չէր։ Այնուամենայնիվ, նա գիտեր, որ արտադրության մեջ կա մի մարդ, ով սիրում է այդ բիզնեսը և մեծ մասնագետ է դրանում, դա Դենիել Ուիլ յամսն է: Հենց նրան էլ Դեյլին նշանակել է մենեջեր՝ տալով գործելու լիակատար ազատություն։ Եվ պետք է ասել, որ Ուիլ յամսն ամենաակտիվ կերպով է զբաղվել այդ գործով։ Նա էլեկտրականացրել է գործարանը, հեռախոս տեղադրել Թալլամորում և կառուցել նոր պահեստներ և վիսկիի շշալցման գիծ։ Ակտիվորեն ներգրավված լինելով գործարանի գործերի մեջ՝ 1903 թվականին Ուիլ յամս ընտանիքն է դարձել գործարանի բաժնետոմսերի մեծամասնության սեփականատերը:
Մինչև 1919 թվականը Tullamore Dew-ի բիզնեսը լավ էր ընթանում, սակայն ալկոհոլի արգելքը, որն ուժի մեջ մտավ ԱՄՆ-ում այդ տարի, զգալի հարված հասցրեց բոլոր իռլանդական թորման գործարաններին։ 14 տարի՝ մինչև 1933 թվականը, իռլանդական վիսկին, ինչպես և ցանկացած այլ վիսկի, չի մատակարարվել ամերիկյան շուկա։ Վիսկի արտադրողներին հասցված մյուս հարվածը Մեծ Բրիտանիայի հետ առևտրային կոնֆլիկտներն էին, ինչը հանգեցրեց նրան, որ այդ կարևոր շուկան նույնպես դարձավ անհասանելի իռլանդական վիսկու համար։ Բացի բուն Մեծ Բրիտանիայից, իռլանդական վիսկիի արտահանումը դադարեցրել են նաև Ավստրալիան, Կանադան և Նոր Զելանդիան։ Նման իրադարձություններից հետո իռլանդական թորման արդյունաբերությունը սկսեց անկում ապրել, և դա շարունակվեց մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը:
Պատերազմից հետո, չնայած Tullamore Dew-ն սկսեց աստիճանաբար մեծացնել արտադրությունը, բայց քրոնիկ ֆինանսական դժվարությունները ստիպեցին Ուիլ յամս ընտանիքին 1959 թվականին փակել արտադրությունը։ Այնուամենայնիվ, 1965 թվականին Tullamore Dew անվանման իրավունքը ձեռք բերեց Powers ընկերությունը և արտադրությունը տեղափոխեց Կորկ կոչվող վայր։ Այնտեղ էլ նախկինում հայտնի Tullamore Dew վիսկին վերակենդանացավ և սկսեց զարգացում ապրել:
ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում