«Սրբազան շարժման» մեջ իրար են գզո՞ւմ
АНАЛИТИКАԲագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը խոստանում է թեժ աշուն կազմակերպել իշխող վարչախմբի գլխին, բայց փոխարենը թեժ է շարժման շարքերում։ Սուրեն Պետրոսյան-Գառնիկ Դանիելյան «փոխհրաձգությունը» նոր դրսևորումներ է ստանում, կողմերն իրար բացահայտ մեղադրում են ստախոսության մեջ։
Պետրոսյանը Դանիելյանին մեղադրել է սուտ խոսելու մեջ, հերքել իր՝ շարժման մեջ ներդրված լինելու խոսակցությունները, նշել, որ մինչ շարժման սկսելը Ոսկեպարի բնակիչներն իրեն ասել են, որ Գալստանյանի՝ գյուղ գալուց հետո պետք է նրա հետևից փակել ճանապարհը, քանի որ գալու են դաշնակցականները, Քոչարյանի, Սարգսյանի կողմնակիցները։ «Ես խոսք տվեցի, որ չի լինի ընդդիմության հերթական պայքար, սակայն վերջում եղավ «Դիմադրություն-2» շարժում։ Ստացվում է, որ ես գյուղացիներին խաբեցի»,- ասել է Պետրոսյանը։
Գառնիկ Դանիելյանն էլ Սուրեն Պետրոսյանին մեղադրում է փաշինյանական նարատիվ գեներացնելու, «նախկինացավով» տառապելու մեջ։ «ՀՀ-ում բոլոր պրոբլեմները նրանում են, որ մարդկանց ամբիցիաները շատ ավելի մեծ են, քան իրենց կարողությունները»,- նշել է Դանիելյանը:
Գալստանյանն այս լեզվակռվում Դանիելյանի կողմից է, երեկ «վերջին անգամ զգուշացրել է» Սուրեն Պետրոսյանին, որ եթե վերջինս ասելիք ունի, թող գնա ու ասի։ «Սուրեն Պետրոսյանն ո՞վ է։ Եթե Սուրեն Պետրոսյանն ասելիք ունի, կգա ու կասի: Վերջին անգամ զգուշացնում եմ, ուղղակի, ձեր միջոցով, եթե ասելիք ունի՝ ուրեմն կգա ու կասի»,- լրագրողներին ասել է Գալստանյանը։
Ամեն դեպքում, ով էլ որ ճիշտ լինի այս հարցում, ընդդիմադիր շարժման շուրջ նման դրսևորումները միայն բխում են գործող իշխանությունների շահերից։
Մերի Անանյան