Հարաբերությունների սրո՞ւմ, թե՞ զուտ քաղաքական հռետորաբանություն. «Փաստ»
АНАЛИТИКА«Փաստ» օրաթերթը գրում է.
dw.com-ը «Հայաստանը պատրաստվում է խզե՞լ հարաբերությունները Բելառուսի հետ» վերնագրով հոդվածում գրում է, որ այն հարցի շուրջ՝ արդյո՞ք պետք է սպասել Երևանի և Մինսկի միջև հակամարտության սրացում, թե՞ վերջին շրջանի փոխադարձ մեղադրանքներն ընդամենը քաղաքական հռետորաբանություն են, պարբերականը զրուցել է փորձագետների հետ։ Հայաստանի շրջադարձը դեպի Արևմուտք և Ռուսաստանից հեռանալը աճող հակասություններ է առաջացնում ոչ միայն Մոսկվայի, այլ նաև Մինսկի հետ։ Հայ-բելառուսական հարաբերությունների լարվածության նոր փուլը, որն առանց այդ էլ անամպ չէր Ադրբեջանի հետ Բելառուսի սերտ կապերի պատճառով, ծագել է Ալեքսանդր Լուկաշենկոյի մի շարք կոշտ հայտարարություններից հետո։
Լուկաշենկոն, որի խոսքերը Հայաստանում հաճախ ընկալվում են որպես Ռուսաստանի ղեկավարության դիրքորոշում, հեգնանքով հայտարարել է. «Ո՞մ են պետք հայերը, բացի մեզանից, ոչ մեկին: Ի՞նչ Ֆրանսիա, վաղը Մակրոն չի լինի, և բոլորը կմոռանան այդ Հայաստանի մասին»: Այդ խոսքերը վրդովմունքի ալիք են բարձրացրել հայ հասարակության մեջ։ Բողոքի ցույց է եղել Երևանում Բելառուսի դեսպանատան դիմաց, ձվեր, լոլիկ ու կարտոֆիլ են նետել՝ վանկարկելով «դո՛ւրս Հայաստանից» կարգախոսը։ Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ, վերլուծաբան Բորիս Նավասարդյանը հայ-բելառուսական հակասությունների սրման երկու հիմնական պատճառ է առանձնացրել: «Առաջինը հայ-ռուսական հարաբերությունների աճող լարվածությունն է, երկրորդը Բելառուսի սերտ հարաբերություններն են Ադրբեջանի հետ»,- նշել է Նավասարդյանը dw.com-ին տված հարցազրույցում։
Մի կողմից՝ հայտարարելով, որ Ադրբեջանը պետք է դառնա տարածաշրջանի առաջնորդ, մյուս կողմից՝ քննադատելով Հայաստանի ղեկավարությանը, Լուկաշենկոն, ինչպես կարծում է Նավասարդյանը, ցանկանում է հաճոյանալ Բաքվի իր գործընկերոջը։ Մինչդեռ, չնայած Երևան-Մինսկ հարաբերություններում ակնհայտ ճգնաժամին, փորձագետները չեն ակնկալում հակամարտության հետագա սրացում, քանի որ այդ ամենը թե՛ տնտեսական, թե՛ աշխարհաքաղաքական տեսանկյունից այնքան էլ կարևոր չէ երկու կողմի համար։ «Ուստի, միմյանց հասցեին հնչող ներկայիս կոշտ հայտարարությունները պետք է դիտարկել քաղաքական հռետորաբանության համատեքստում, ոչ ավելին»,- պարզաբանել է Նավասարդյանը՝ նշելով, որ միայն մեկ դեպքում կարող է լինել հարաբերությունների մակարդակի անկում, և դա Մոսկվայի հետ Երևանի հարաբերությունների կտրուկ վատթարացում է։
Բելառուսի հետ հարաբերությունների վատթարացումը, ըստ Երևանի «APRI Արմենիա» հետազոտական կենտրոնի վերլուծաբան Սերգեյ Մելքոնյանի, Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից մեկի շարունակությունն էր, և դա Ռուսաստանից հեռանալն է: Սակայն վերլուծաբանը ներկայում չի ակնկալում այնպիսի կտրուկ շարժումներ, ինչպիսին է Մինսկի հետ հարաբերությունների խզումը։ «Այդ առումով Հայաստանը սպասում է Արևմուտքի աջակցությանը, եթե Երևանը վատթարացնի հարաբերությունները իր ֆորմալ դաշնակիցների հետ, ապա նա պետք է նոր դաշնակիցներ ձեռք բերի, օրինակ՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մակարդակը ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնի»,- կարծիք է հայտնել Մելքոնյանը dw.com-ի հետ զրույցում:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում