«93-ամյա սկեսուրիս սիրով եմ խնամում, որ իր կյանքի բոլոր օրերն ապրի գեղեցիկ, մաքուր ու ապահով». Աննա Էլբակյանը՝ երազանքի ու ձեռքբերման մասին
ЛАЙФՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր ՀՀ Վաստակավոր արտիստ, դերասանուհի Աննա Էլբակյանի ծննդյան տարեդարձն է: Դերասանուհին Tert.am Life-ի հետ զրույցում խոսել է իր կյանքի ամենամեծ ձեռքբերումներից ու երազանքից, ինչպես նաև, առաջին անգամ անկեղծացել է, որ 93-ամյա սկեսուրին սիրով է խնամում, ամեն ինչ անում, որ նա իր կյանքի բոլոր օրերն ու ժամերը գեղեցիկ ապրի, սիրված ու ապահով:
«Իմ կյանքի ամենամեծ ձեռքբերումը մարդիկ են, իմ մեծ ընտանիքը, ու մարդիկ, որոնք անպայման պիտի լիեն իմ շուրջ, որ ես կարողանամ լինել իմ ճիշտ գործառույթի մեջ: Ուզում եմ, որ Աստված ինձ ուժ տա դրա համար: Ձեռքբերումս, իհարկե, ամուսինս է: Ես ինձ գնահատում եմ իրենով: Շնորհակալ եմ նրան, որովհետև ամեն կին ուզում է գնահատված լինել:
Կարծում եմ, որ դա չպիտի լինի ագրեսիվ ու վայնարձակ, ինչպես մարդիկ հիմա սիրում են ցուցադրել, որ բոլորն ասեն՝ ինչ լավն ես դու: Դա ինձ պետք չէ: Ես չեմ ուզում օրիգինալ լինել, իսկ հիմա՝ համատարած ինքնացուցադրման հիստերիայի մեջ, ավելի ես հասկանում, որ իրոք դա բացարձակ կարևոր չէ: Կարևոր է այն մարդը, որով դու գնահատված ես, երբ չկան տոներ, փայլուն բաներ, փուչիկներ, ծաղիկներ, երբ դատարկ է, բայց միևնույն է տոն է, որովհետր ինքը քո կողքին է, որովհետև քո ձեռքբերումն է»,- մեզ հետ զրույցում անկեղծացավ դերասանուհին:
Նա պատմեց, որ երեկոյան պառկած մտածում էր, որ վաղն իր ծննդյան տարդարձն է ու ոչ մի արտասովոր բան չկա.
«Ու ես տեսա մի մեծ ձուկ, դա ես էի, որի փորում շատ փոքր ձկնիկներ կային: Ու սկսեցի հատ-հատ բոլորի համար աղոթք անել: Մարդիկ, որոնք արյունակցական կապ չունեն ինձ հետ, բայց ես երջանիկ կլինեմ, եթե իմ սրտի աղոթքը իրենց կյանքում իրականանա, ոչ թե մտնեմ ուրիշի կյանք, այլ՝ մի փոքր ներդրվեմ ու կարողանամ փոխանցել, թե ինչ բան է իրական երջանկությունը, որովհետև ես իրոք երջանիկ եմ»,- նշեց Աննա Էլբակյանն ու խոստովանեց, որ կյանքի ներկա փուլում իր երազանքը լիովին հակադարձում է իր ասածին:
«Մի կողմից ես երջանիկ եմ, երբ կարողանում եմ օգտակար լինել: Իմ 93 տարեկան սկեսուրին սիրով խնամում եմ, գեղեցիկ ծաղկի նման, կապ չունի տարիքը, պահպանում եմ, որ ինքը իր կյանքի բոլոր օրերը, ժամերն ու վայրկյաններն ապրի երջանիկ, սիրված, ապահով, մաքուր, ջերմության մեջ»,- անկեղծացավ Աննա Էլբակյանն ու նշեց, որ իր խորը երազանքն է զբաղվել իր մասնագիտությամբ, իր սիրելի գործով.
«Գոնե մի փոքր ժամանակ ունենամ զբաղվել հենց այն գործով, որին ես կանչված եմ: Բայց, երբեք իմ ձեռքերը դրան չեն հասնում: Ունեմ առաջարկներ, և կարծում եմ, որ պատեհություն կստեղվի ու վերջապես կկարողանամ, որովհետև այդտեղ ես այն ձուկն եմ ջրերի մեջ: Կյանքը շատ հակասական է և դա կյանքի գեղեցկությունն է»,- ամփոփեց Աննա Էլբակյանը: