Ջերմուկում իրական խուճապ էր, չգիտեինք՝ որ կողմ գնանք. սեպտեմբերյան ագրեսիայի 2-րդ տարելիցն է
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Սեպտեմբերի 12-ի գիշերը լարվածություն կար, լսել էինք, որ ադրբեջանական զորքի ակտիվ տեղաշարժ կա։ Զանգեցի տղայիս, ասաց՝ «մամա, ամեն ինչ կարգին ա, հեռախոսով նման բաներ մի հարցրու, լսում են»։ Ու քանի որ ինքը դիրքերում էր, ես շատ էի անհանգստանում։ Այդ օրը Երևանում ապրող տղաս եկավ, ինքն էլ ասաց, որ լսել է՝ «Ջերմուկի ուղղությամբ լարվածություն կա»»,-MediaHub-ին պատմում է ջերմուկցի Կարինե Հարությունյանը։
Ու քանի որ խոսակցությունները տարածվել էին դեռ ցերեկը, արդեն ուշ գիշերին, իր խոսքով՝ դժվարանում էր շնչել. «Նման զգացողություն երբևէ չեմ ունեցել, բայց այդ օրը զգում էի, ինչ որ բան է կատարվելու, ու կատարվեց»։
2 տարի առաջ՝ 2022 թվականի սեպտեմբերի 12-ի գիշերը Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսում Հայաստանի արևելյան սահմանների՝ Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերի ուղղությամբ, որը տևում է 2 օր։
«Ջերմուկում իրական խուճապ էր, չգիտեինք՝ որ կողմ գնալ, ինչպես պատսպարվել, խփում էին նաև քաղաքի վրա։ Նման տեսարաններ ես տեսել եմ միայն ֆիլմերում։ Մեծ տղաս հեռախոսազանգերին չէր պատասխանում, փոքր տղաս իր մեքենայով ինձ, հարսիս ու 2 թոռներիս տարհանեց քաղաքից, գնացինք Գնդեվազ, բայց հասկացանք, որ այնտեղ ևս մարդիկ խուճապի մեջ են։ Ու քանի որ գնալով պատերազմն ավելի էր թեժանում, որոշեցինք գնալ Երևան։ Ճանապարհի կեսից ասացի՝ իմ կյանքը կարևոր չի, տղաս դիրքերում է, ես հետ դառնամ դուք գնացեք։ Այդ օրը մնացինք Վայքում, լուսադեմին տղաս զանգեց, ասաց՝ «ես լավ եմ, դուք գնացեք Երևան»»,-հիշում է Կարինեն։
Սեպտեմբերի 12-ի գիշերը ջերմուկցի կնոջ համար ամենածանրն էր։ Ասում է, որ Վայք ու Եղեգնաձոր քաղաքներն ընդունել են Ջերմուկի, Կապանի և Գորիսի շրջանների հազարավոր բնակիչների, որոնք տարհանվել են անվտանգության նկատառումներից ելնելով։
Կրակը դադարել է սեպտեմբերի 14-ի երեկոյան։ Ռազմական գործողությունների հետևանքով հայկական կողմի մարդկային կորուստներն են 207 զոհ, 20-ից ավելի գերևարվածներ և 293 վիրավոր։ Սա պաշտոնական թվերն են: Բացի այդ, հայկական կողմը կորցրել է տասնյակ հեկտարներով տարածքներ, ինչպես նաև բազմաթիվ բնակավայրերում բնակֆոնդի ու ենթակառուցվածքների ավերածություններ են։
Երկօրյա մարտերի սկիզբը դրվել էր 2021 թվականի մայիսի 12-ին, երբ Ադրբեջանի զինված ուժերը մեծաքանակ զինվորականներով և զինտեխնիկայով հատել են Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը Սյունիքի մարզի Սև Լճի, ապա նաև Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա և Կութ բնակավայրերի տեղամասերում, գրավել Հայաստանից մոտ 41 քառակուսի կիլոմետր տարածք։ Եվրախորհրդարանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահներից երկուսը՝ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան կոչ են արել Ադրբեջանին դուրս բերել իր զորքերը միջազգայնորեն ճանաչված հայկական տարածքներից, սակայն, Ադրբեջանը մինչ օրս ոչ միայն հետ չի քաշել իր զորքը, այլև ամեն անգամ առիթը բաց չի թողնում սպառնալ նոր պատերազմով։
Հունան Թադևոսյան
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live