Ձայները շատ մոտ էին, իմացանք, որ Վերիշենի ուղղությամբ են խփել, «սնարյադը» ընկել է բնակելի տան վրա
ИНТЕРВЬЮՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Գիշեր էր, քնած էինք, մեկ էլ լսեցինք պայթյունների ձայներ։ Էս ի՞նչ էր, հարցրեցի, մտածելով, որ հրավառություն է։ Դուրս եկա, տեսա հարևաններս փողոցում են ու միմյանցից են փորձում ճշտել, թե ինչ ձայներ են դրանք»,- MediaHub-ին պատմում է Գորիս քաղաքի բնակիչ Ռուզաննա Խաչյանը։
Պատերազմի առաջին րոպեներին քաղաքը հոսանքազրկվել է, անվտանգության նկատառումներով պայմանավորված բոլորը, նախ, ապաստաններ են տեղափոխվել։
«Որոշ ժամանակ անց Գորիս տեղափոխվեցին Տեղ, Խոզնավար, Արավուս, ավելի ուշ՝ Կապան քաղաքի և սահմանամերձ մյուս բնակավայրերի բնակիչները։ Ձայները շատ մոտ էին, հետո իմացանք, որ Վերիշենի ուղղությամբ են խփել, «սնարյադը» ընկել է բնակելի տան վրա»,- հիշում է Ռուզաննան 2022 թվականի սեպտեմբերի դեպքերը։
Ադրբեջանի թիրախում են եղել քաղաքացիական օբյեկտներ: Բնակելի տներ են վնասվել Սյունիքի մարզի Վերիշեն, Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրերում, Վայոց Ձորի մարզի Ջերմուկում՝ առողջարան, հյուրատներ, հարակից գազատարը, ճոպանուղին, օժանդակ այլ շինություններ։
«Այդ ամենը ոչինչ են մարդկային կորուստների կողքին։ Այդ տղաների անուններն այդպես էլ չեն հրապարակվել։ Անցած տարի սեպտեմբերին Եռաբլուրում արցախցի բարեկամիս հուղարկավորմանը մասնակցելիս, տեսել եմ տղայիս համակուրսեցու նկարը քարի վրա, այդ ժամանակ իմացել, որ Հայկն էլ է զոհվել Իշխանասարում մեզ պաշտպանելիս»։
Սյունիքի բնակիչները մոտ 30 տարի ընդմիջումից հետո են ականատես եղել պատերազմի։ Ռուզաննան ուսանող էր այդ ժամանակ։ «Առաջին պատերազմում Գորիսում կամավորական աշխատանքներում էինք ընդգրկված, ուսանողներով օգնում էինք հոսպիտալային ճամբարներում, ճաշարաններում։ 30 տարի հետո նորից նույնը, իհարկե՛ վախեցել էինք։ Հիմա էլ եմ վախենում, որովհետև երբեմնի ամենաապահով քաղաքը հիմա 3 կողմից շրջափակման մեջ է»,- ասում է նա։
Ինչո՞ւ այսպես ստացվեց, և ինչո՞ւ Ադրբեջանը ագրեսիա սկսեց ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ։ «Արցախի կորուստը դեռ երկար ենք զգալու, Քաշաթաղի շրջանն ամբողջությամբ պահում էր մեզ, հիմա, երբ Արցախը հանձնվել է, թշնամին բացեիբաց խոսում է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին։ Քանի Արցախը հայկական չէ` Սյունիքում կայուն խաղաղություն չի լինելու»,-հավելեց Ռուզաննա Խաչյանը։