«Գրառում արեցի՝ «ո՛չ թե քաաքականություն, այլ՝ քաղաքականություն», չեք պատկերացնի ինչ արձագանք գտավ, ես ուղղակի ապշել էի». Անի Զաքարյանը՝ հայերեն ճիշտ խոսելու մասին
ЛАЙФՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Իմ սերը հայոց լեզվի նկատմամբ շատ մեծ է եղել դեռ դպրոցական տարիքից, առաջին ուսուցչուհուս՝ տիկին Մկրտչյանի շնորհիվ: Դրանից առաջ էլ ընտանիքն իր ներգործությունն ունենում է: Իմ բախտը բերել է, ես այն երջանիկներից եմ, որ գրեթե բոլոր ուսուցչուհիներս ինձ շատ սիրել են ու հատուկ կենտրոնացած են եղել ինձ վրա:
Թատերական ինստիտուտում էլ արդեն բեմական խոսք եմ ուսումնասիրել խորությամբ, ու հրաշալի ուսուցիչներ եմ ունեցել՝ Աննա Հեքեքյանը և Նազենի Հովհաննիսյանը: 4 տարի նրանց հետ եմ աշխատել:
Ներսումս կուտակում առաջացավ ու հետաքրքիր զգացում ունեցա, որ չեմ ուզում մենակ մնալ այդ ամբողջ գիտելիքի հետ, ի վերջո ու՞ր եմ տանելու, ու՞մ համար է: Այդպես, երբ հեռուստատեսությամբ շատ սխալներ էի լսում, մարդկանց հետ շփվելիս ահավոր սկսում էի նյարդայնանալ դրանից, որ պարզ բառեր կան, որ մենք չգիտենք ճիշտը որն է»,- Yelaket.am-ի եթերում պատմել է հաղորդավարուհի Անի Զաքարյանը:
«Մի օր լսեցի, որ քաղաքականություն բառը հնչեց առանց ղ-ի: Առաջին գրառումը եղել է հենց այդ բառը: Այդ ժամանակ ընդհանրապես միտք չունեի հոլովակներ նկարելու: Եվ գրառում արեցի, որ «ոչ թե քաաքականություն, այլ՝ քաղաքականություն»: Չեք պատկերացնի ինչ արձագանք գտավ: Ես ուղղակի ապշել էի: Ու այդպես սկսվեց: Բայց 1 տարի շարունակ ես միայն գրառումներ եմ արել և արձագանքը կար: Հետո սկսեցին ինձ գրել՝ ինչու հոլովակներ չե՞ք նկարում: Սկսեցի նկարել 1-2 հոլովակ, բայց միտում չունեի հաճախակի անելու, ինչպես հիմա եմ անում: Զգացի, որ պահանջը կար, ինձ անընդհատ գրում էին ու հարցնում՝ հաջորդը երբ է լինելու: Ես հիմա ահռելի քանակի նամակներ եմ ստանում, և իմ ժամանակի մեծ մասը տրամադրում եմ նամակներին պատասխանելուն»,- անկեղծացել է Անի Զաքարյանը: