ԶՊՄԿ-ն ահռելի միջոցներ է ծախսել կրթական ոլորտի վրա
АНАЛИТИКАՀայաստանի թիվ մեկ հարկատուի՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սոցիալական ծրագրերը բազմաթիվ են և բազմաբնույթ։ Աչքաթող չի արվել նաև կրթական ոլորտը։ Ընկերությունը մեծ աջակցություն և հոգածություն է ցուցաբերում կրթական բնագավառին (կրթական հաստատությունների ենթակառուցվածքների բարելավում, ուսման վարձերի փոխհատուցում, լաբորատորիաների հիմնում, բուհերի հետ համագործակցություն, կրթական ֆորմալ-ոչ ֆորմալ ծրագրերի ֆինանսավորում և այլն)։
Միայն անցած տարվա ընթացքում ԶՊՄԿ-ն կրթական ծրագրերի համար հատկացրել է 759 մլն 265 հազար դրամ։ «Այս բազում մարտահրավերների ժամանակաշրջանում մենք պետք է ապավինենք գիտելիքի և կրթության ուժին՝ որպես վերջնանպատակ ունենալով կայացած քաղաքացու և ամուր տնտեսական հիմքերով պետության կայացումը» ,- նշել էին ընկերությունից։
Երկար տարիներ կոմբինատը սոցիալական հարյուրավոր ծրագրեր է իրականացրել, հատկապես Սյունիքի մարզում անգնահատելի է այն աշխատանքը, որն իրականացրել է կոմբինատը։
ԶՊՄԿ-ն հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների ստեղծած «ՍՈՐՍ» հիմնադրամի երկարամյա գլխավոր հովանավորն է։ Այս տարիներին տարեկան շուրջ 150 հաշմանդամություն ունեցող երեխա ստանում է անվճար շարունակական թերապիա և այլ ծառայություններ, 40 երեխա` անձնական օգնականի ծառայություն։ Անցյալ տարի ընկերության աջակցությամբ «ՍՈՐՍ» հաշմանդամություն ունեցող երեխաների աջակցության հիմնադրամը մեկնարկել է ծրագիր, որի շնորհիվ Կապանի մանկական կենտրոնի հոգեբանի, լոգոպեդի և էրգոթերապիստի սենյակները համալրվել են անհրաժեշտ գույքով։ Ստեղծվել է նաև հատուկ գույքադարան, որից կարող է օգտվել ոչ միայն կենտրոնի, այլև մարզի համապատասխան կարիք ունեցող յուրաքանչյուր ընտանիք։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը նաև հսկայական միջոցներ է հատկացնում բռնի տեղահանված արցախցիների օգնության ծրագրին, 2023 թվականի սեպտեմբերից ներդրել է 170 միլիոն դրամ։ Այդ գումարներով կենցաղային տեխնիկա և կահույք է տրամադրվել Կապան, Քաջարան և Մեղրի խոշորացված համայնքներում հանգրվանած արցախցիներին։
Անի Բարսեղյան