Մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության վարույթով 3 անձ կալանավորվել է
ОБЩЕСТВОՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ ծառայողների կողմից իրականացված օպերատիվ–հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է ապօրինի կերպով հրազեն և դրա համար նախատեսված փամփուշտներ ձեռք բերելուն, փախադրելուն և իրացնելուն դրդելու, ինչպես նաև հիշյալ հրազենը և փամփուշտները ապօրինի ձեռք բերելու և կրելու դեպք։
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Վանաձոր քաղաքի՝ քրեական ենթամշակույթ կրող բնակիչ Ա․Թ․–ն, Վ․Դ․–ից տեղեկանալով մարտական ատրճանակ ձեռք բերելու հնարավորության մասին, վերջինիս դրդել է ապօրինի կերպով հրազեն և դրա համար նախատեսված փամփուշտ ձեռք բերել, փախադրել և իրեն իրացնել՝ հակառակ դեպքում սպառնալով հաշվեհարդար տեսնել և խոշոր չափի նյութական միջոցներ ստանալ նրանից։ Հիշյալ հրազենը և փամփուշտները ձեռք բերելու համար, 2024թ․ օգոստոսի 25-ին կնոջից վերցնելով 600.000 ՀՀ դրամ կանխիկ գումար, հիշյալ հարցի շուրջ նախնական համաձայնության գալով Գ․Ա․–ի հետ, Վ․Դ․–ն, նույն օրը իր անձնական օգտագործման «BMW» մակնիշի ավտոմեքենայով, Գ․Ա․–ի հետ միասին մեկնել է Գեղարքունիքի մարզ, որտեղ Երևան-Սևան ավտոմայրուղուն գտնվող ռեստորանային և հյուրանոցային համալիրի ավտոկայանատեղիում, ինքնությունը չպարզված անձից ապօրինի ձեռք են բերել՝ 600.000 ՀՀ դրամ գումարով գնել են «ТТ» տեսակի 7,62մմ /7,62x25/ տրամաչափի ակոսափող ատրճանակ՝ 2 պահեստատուփով, ինչպես նաև հիշյալ ատրճանակի համար նախատեսված 24 հատ փամփուշտ։
Նույն օրը դրանք փոխադրելով Վանաձոր քաղաք՝ ժամը 20:38-ի սահմաններում, Վ․Դ․–ն ժամանել է Ա․Թ․–ի՝ Երևանյան խճուղում գտնվող առանձնատան ավտոտնակ, որտեղ հիշյալ ատրճանակն առձեռն տրամադրել է վերջինիս, ով, չունենալով հրազեն կամ ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և կրելու իրավունք, այն ապօրինի ձեռք է բերել և պահել իր մոտ:
Վերջինիս կողմից զենքը ուսումնասիրելու ընթացքում, Ա․․Թ․–ն և Վ․Դ․–ն, նկատելով օպերատիվ–հետախուզական միջոցառումներ իրականացնելու նպատակով դեպքի վայր ժամանած՝ ՀՀ ԱԱԾ ծառայողներին, վերը նշված հանցանքը թաքցնելու նկատառումով, ՀՀ ԱԱԾ ծառայողների ներկայությամբ, հիշյալ հրազենը և դրա փամփուշտները նետել են հատակին, որոնք հայտնաբերվել են դեպքի վայրի զննությամբ, իսկ հիշյալ անձինք, ավելի ուշ՝ նաև Գ․Ա․–ն, անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիման վրա, ձերբակալվել են։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ Ա․Թ․–ի, Վ․Դ․,ի և Գ․Ա․–ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և նրանց մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասով։ Վերջիններս կալանավորվել են։
Նախաքննությունը շարունակվում է, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն: