Գաղթի ճանապարհին մեկը վերմիշել հանեց, մեկը՝ զարմանալիորեն ձեթ, ասաց՝ թանկ գնով եմ առել, չէի ուզում թողնել․ լուսանկարներ
ИНТЕРВЬЮՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Սեպտեմբերի 19-ի և 20-ի դեպքերից հետո՝ գաղթը կանխորոշված էր։ Բոլորի պես մենք էլ հավաքեցինք մեր անհրաժեշտ իրերն ու ճամփա ընկանք։ Նրանք, ովքեր մեզանից առաջ էին գնացել, ասում էին, որ Ստեփանակերտ-Կոռնիձոր մեկուկես ժամվա ճանապարհն անցել են 2-3 օրում, դրա համար տան վերջին ալյուրով վառարանի վրա լավաշ թխեցինք, վերցրեցի մի քիչ կարտոֆիլ, որ գոնե հեշտ կլինի ճանապարհին խարույկ վառել, կրակի վրա պատրաստել, որ երեխաները սոված չմնան»,- MediaHub-ին պատմում է ստեփանակերտցի Արմինե Հայրապետյանը։
Մեր զրուցակիցը հիշում է, որ ամենաերկար կանգառը եղել է Շուշին անցնելուց հետո, երբ շտապօգնության մեքենաների համար ճանապարհ են բացել՝ վիրավորներին տեղափոխելու համար։
«Լուսաբացին, երբ ամեն մեկս փորձում էինք մի տեսարան նկարել, մի տղամարդ մոտեցավ, ասաց՝ «շարասյան մեջ փոքր երեխաներ շատ կան, բոլորը քաղցից լացում են, բերեք, ով ինչ ունի պահած հանենք, միևնույն է դեռ երկար ենք այստեղ կանգնելու»։ Բոլորը մոտեցան իրենց մեքենաներին, մի չակերտավոր աշխուժություն սկսվեց։ Մեկը վերմիշել հանեց, մեկը զարմանալիորեն ձեթ, ասաց՝ թանկ գնով էի առել, չէի ուզում թողնել, նույնիսկ ամենաթանկ բանը գտնվեց՝ աղն ու շաքարավազը։ Բախվեցինք մեկ այլ խնդրի, ջուր չկար։ Տղամարդիկ տարածքով պտույտ արեցին, նկատեցին, որ ժայռածերպերից ջուր է կաթում։ 15 րոպեում կես լիտր ջուր էր հավաքվում։ Ամենքս մեր ջրի դատարկված շշերը վերցրեցինք ու գնացինք ջրի»,- հիշում է Արմինեն։
Արմինեի խոսքով՝ առաջնային սովածության խնդիրը համախմբված լուծել են։ Հիմա, երբ անցել է ուղիղ մեկ տարի, զարմանում է, որ կարողացել են հաղթահարել այդ բոլոր փորձությունները։
«Անգամ կաթսա է գտնվել, որի մեջ տապակել ենք կարտոֆիլը, խմոր հունցել թավայի մեջ ու հաց թխել, ավելացված խմորով արցախյան թերթերուկ պատրաստել ու բաժանել երեխաներին։ Դա մի անչափելի մեծ ուրախություն էր ամիսներով քաղցր չտեսած երեխաների համար»,- ասում է նա։
Արմինե Հայրապետյանը այդ ամբողջ գործընթացը հավերժացրել է իր հեռախոսի ֆոտոխցիկով։
Սակայն, հիշում է, որ մի կին անընդհատ ասում էր՝ «սա վերջը չէ, գալու է հետվերադարձի օրը»։
«Այդ ծանր ճանապարհը, որ անցանք դժոխային օրերից հետո, ուզում եմ դառնա սոսկ հիշողություն, որը կսփոփվի հաղթանակով, ճիշտ արցախյան առաջին ազատամարտի պես, երբ հաղթանակով ու ձեռք բերված հայրենիքով սփոփվեց մեր վիշտը»,- հավելեց նա։