Պարգևատրումներ Գլխավոր դատախազությունում
ПОЛИТИКАԳլխավոր դատախազությունում, Հայաստանի Հանրապետության անկախության տոնի կապակցությամբ, այսօր տեղի է ունեցել Դատախազության կոլեգիայի հանդիսավոր նիստ:
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը շնորհավորել է Դատախազության աշխատակիցներին Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 33-րդ տարեդարձի կապակցությամբ և նշել.
«Հարգելի՛ գործընկերներ,
Այս խորհրդանշական օրը հրաշալի առիթ է կրկին արժևորելու հայրենիքին ծառայելու մեր առաքելությունը:
Անկախությունը շնորհ չէ. այն սերունդների առջև մեր պատասխանատվության և նախնիների նկատմամբ մեր հաշվետվողականության լրջագույն քննությունն է: Այդ քննությունը գնահատվում է մեր աշխատանքով. ազնիվ ու սրտացավ աշխատանքով: Սերունդների առջև մեր պատասխանատվության և նախնիների նկատմամբ մեր հաշվետվողականության ճանապարհին մենք՝ որպես դատախազներ, ունենք անփոխարինելի դերակատարություն։ Մեր աշխատանքը ծառայում է մեկ նպատակի՝ Հայաստանի Հանրապետության իրավակարգի ամրապնդմանը, մեր երկրի կայունությանն ու հետևողական զարգացմանը:
Ժամանակակից աշխարհի մարտահրավերները փոխվել են և դրանք հնարավոր է հաղթահարել մեր մտածողության փոփոխությամբ, մոտեցումների անկաշառությամբ և վերաբերմունքի ազնվությամբ:
Մեր առջև դրված է ամենօրյա անտրտունջ ու նվիրված աշխատանքի պահանջ: Մենք՝ որպես իրավապահ համակարգի լոկոմոտիվ, պետք է պայքարենք հանուն արդարության և օրինականության հաստատման, հանուն մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանության, հանուն Հայաստանի Հանրապետության։
Հարգելի՛ գործընկերներ,
Այսօր, այս հանդիսավոր առիթով, ցանկանում եմ նախ բոլորիս կողմից շնորհավորել Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրերով դասային աստիճանների և պետական պարգևների արժանացած մեր գործընկերներին, շնորհակալություն հայտնել նրանց և մեր բոլոր գործընկերներին, ովքեր իրենց նվիրվածությամբ, գիտելիքով, պրոֆեսիոնալիզմով, անկաշառությամբ և ազնվությամբ յուրաքանչյուր օր նպաստում են մեր իրավական պետության ամրապնդմանը: Շնորհակալ եմ ծառայության համար»:
Հանդիսավոր նիստի ավարտին ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով՝ Հայաստանի Հանրապետության դատախազության մի շարք դատախազների և Դատախազության աշխատակիցների հայտարարվել է շնորհակալություն, վերջիններս պարգևատրվել են հուշանվեր ժամացույցով, «ՀՀ դատախազության 105-ամյակ» հոբելյանական մեդալով, «ՀՀ դատախազություն» կրծքանշանով, դրամական պարգևով, մեկ դատախազի շնորհվել է արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան: