«ԶՊՄԿ-ում կազմակերպված պրակտիկան աննախադեպ էր, վերջին 30 տարում ուսանողները նման հնարավորություն չեն ունեցել»․ 2 անմոռանալի շաբաթ Սյունիքում
ОБЩЕСТВОԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հրավերով և աջակցությամբ Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետների ուսանողները հուլիսի 11-24-ը ուսումնական պրակտիկա են անցել ընկերությունում։ Ապագա երկրաբանները Քաջարանում 2 անմոռանալի շաբաթ են անցկացրել։
«Պրակտիկան շատ տպավորիչ էր ու ստացված։ Վերադառնալուց հետո մենք դեռ մտովի այնտեղ էինք։ Ավելի մեծ հետաքրքրություն առաջացավ մասնագիտության նկատմամբ, ցանկություն՝ հետագայում ոլորտում աշխատելու»,-նշում է ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Քրիստինե Սարգսյանը։
Ուսանողներն այցելել են Ամուլսար, այնուհետև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ։ Այցելուները իրենց աչքով են տեսել՝ ինչպես են հանքաքար հետախուզում, արդյունահանում, այնուհետև մշակում այն։
«Մենք մեր աչքով տեսանք մեր մասնագիտության հրաշք աշխարհը։ Որ ասում են՝ երկրաբանությունը ռոմանտիկա է, զուր չեն ասում։ Իմ նպատակն է ավարտել համալսարանը, վերադառնալ իմ հայրենի մարզ, Սյունիք, կա՛մ ԶՊՄԿ-ում կամ Ամուլսարում աշխատել»,-նշում է ուսանող Ալեն Հովհաննիսյանը։
Նա էլ է նշում՝ հանքարդյունաբերության վերաբերյալ միֆերն այնքան շատ են, որ խանգարում են ոլորտի զարգացմանը։ Ուսանողները պրակտիկ գիտելիքներ են ստացել նաև ջրաբանություն առարկայից և ջրաբանական չափումներ են կատարել Ողջի գետի վրա։
«Նման պրակտիկաները գալիս են լրացնելու այն տեսական գիտելիքները, որոնք ուսանողները ստացել են 1 տարվա ընթացքում, ինչը կարևոր է աշխարհագետի համար։ Սյունիքի մեր պրակտիկան չէր լինի, եթե չլիներ այն օժանդակությունը, որը մենք ստանում էինք ամեն օր՝ բոլորի կողմից»,-նշում է ԵՊՀ դասախոս, աշխարհագրական գիտությունների թեկնածու Տաթևիկ Սաֆարյանը։
Դասախոսները նշում են՝ կոմբինատում ոչ միայն դրական փոփոխությունների, այլ նաև խնդիրների մասին են խոսել, որոնք առաջիկայում իրենց լուծումն են ստանալու։ Ուսումնական պրակտիկայի բոլոր կետերը կատարվել են։
«Տարիներ շարունակ հանքարդյունաբերությանը, երկրաբանությանը մեծ ուշադրություն չի հատկացվել։ Այսօր մի պահ է եկել, որ մենք երկրաբանի պակաս ունենք, սակայն ուսանողները կամաց-կամաց հետաքրքրվածություն են սկսում ցույց տալ»,-նշում է Մարինե Մկրտչյանը, ով ԵՊՀ երկրաֆիզիկայի, ճարտարագիտական երկրաբանության և ջրաերկրաբանության ամբիոնի վարիչն է։
Սուրեն Ներսեսյանի պնդմամբ՝ ԶՊՄԿ-ում կազմակերպված պրակտիկան աննախադեպ էր, վերջին 30 տարում ուսանողները նման հնարավորություն չեն ունեցել։ Դասախոսները նշում են, պրակտիկայի ընթացքում ստացած տպավորություններն ու փորձը ուսանողներին կօգնեն լրացնել ստացած տեսական գիտելիքները, և ամբողջացնել դրանք։
Մանրամասները՝ տեսանյութում։