Հայաստանից Կանադա ապրանքների արտահանումն աճել է 35 տոկոսով
ЭКОНОМИКАՀայաստանից Կանադա ապրանքների արտահանումը աճել է 35 տոկոսով: Այս մասին լրագրողների հետ զրույցում հունվարի 26-ին նշեց ՀՀ-ում Կանադայի դեսպան Ջոն Քերը:
«2015-ի վերջին տեսանք, որ Հայաստանից Կանադա տեղափոխվող ապրանքներն աճել են 35 տոկոսով: Կանադան մեծ ներդրող է հատկապես Կապանի մի շարք ընկերություններում: Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում տնտեսական հարաբերություններին, որ կարողանանք մեր երկու երկրների կապերն ընդլայնել»,-«Արմենպրես» -ի փոխանցմամբ` նշեց դեսպանը:
Անդրադառնալով Հայաստանում ակնկալվող ներդրումներին, դեսպանը շեշտեց, որ աշխատում են այդ ուղղությամբ: «Մենք աշխատում ենք, որ կանադական նոր ընկերություններ գան Հայաստան ու ներդրումներ անեն տարբեր ոլորտներում»,-հավելեց նա:
Հայաստանի Հանրապետության եւ Կանադայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հունվարի 31-ին: 1995թ. հունվարին Հայաստանը դեսպանություն է բացել Կանադայում: 1997թ. Կանադան պատվո հյուպատոս է նշանակել Հայաստանում: Կանադան դաշնային օրենսդիր եւ գործադիր իշխանությունների մակարդակով 2006թ. պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: