Ուսուցիչ լինելը պատասխանատու առաքելություն է, որից կախված է, թե ինչպիսին կլինի երկրի հասարակությունը մի քանի տարի անց. ԱԺ նախագահ
ПОЛИТИКАՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ:
Ուղերձում ասվում է.
«Սիրելի՛ ուսուցիչներ,
Հոկտեմբերի 5-ին աշխարհի մի շարք երկրներում նշվում է Ուսուցչի միջազգային օրը: Այս օրը ևս մեկ առիթ է խոսելու այն կարևոր դերի մասին, որն ունեն ուսուցիչները սերունդների կրթման գործում:
Ուսուցիչ լինելը միայն մասնագիտացում կամ աշխատանք չէ. այն պատասխանատու առաքելություն է, որից կախված է, թե ինչպիսին կլինի երկրի հասարակությունը մի քանի տարի անց:
Ուզո՞ւմ ենք ունենալ լավ ապագա, պետք է ունենանք պետությունը սիրող, կրթված ու պահանջատեր երիտասարդություն, որի ձևավորման ու կայացման «բեռն» էլ դրված է մեր ուսուցիչների ուսերին: Վստահ եղեք, այդ բարդ ճանապարհին Հայաստանի իշխանությունները կանգնած են ձեր կողքին, որպեսզի միասին հասնենք ցանկալի արդյունքին:
Սիրելի՛ ուսուցիչներ, շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ, ցանկանում եմ ձեզ բեղմնավոր աշխատանքային գործունեություն` ի նպաստ Հայաստանի Հանրապետության բարօրության և պայծառ ապագայի»: