Այսօր «Արցախի հերոս», ազատամարտիկ Աշոտ Ղուլյանի՝ Բեկոր Աշոտի ծննդյան օրն է
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արցախյան ազատամարտի մասնակից, ՀՅԴ անդամ, ԼՂՀ Ստեփանակերտի առաջին վաշտի հրամանատար, «Արցախի հերոս», «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Աշոտ Ղուլյանը՝ Բեկոր Աշոտը ծնվել է 1959 թվականի հոկտեմբերի 6-ին Բաքվում։ Երիտասարդ տարիներին Բեկորը աշխատել է որպես դերձակ, շինարար, ավտովարորդ և փականագործ։ Մարտական անունը Աշոտը ստացել էր դեռևս նախապատերազմյան շրջանում, երբ 5 հոգով Շահումյանից Ստեփանակերտ զենք էին տեղափոխում։ 5 տղաներից 4-ի անունը Աշոտ էր և, որպեսզի խոսելիս միմյանց տարբերեն, որոշում են բոլորին մականուն տալ։
Աշոտին, որն արդեն հասցրել էր ինքնաշեն զենքերը փորձարկելիս մի քանի բեկոր «վաստակել», անվանեցին Բեկոր (Ասկոլկա)։ Ամուսնացել է 1985 թվականին, ունեցել երեք որդի։
Արցախյան պատերազմ
Բեկորը մասնակցել է Ղարաբաղում մղված մարտերից շատերին՝ Ասկերան, Հադրութ, Շահումյան, Կրկժան, Վերին Շեն, Բուզլուխ, Մանաշիդ, Մալիբեյլու, Խոջալու, Լեսնոյ, Քարինտակ, Շուշի, Լաչին, Մարտակերտ, Կուսապատ, Մաղավուզ, Սրխավենդ, Բաշ-Գյունեփայա, Օրթա-Գյունեփայա, Դրմբոն։ Նրա հրամանատարությամբ բազմաթիվ բնակավայրեր են ազատագրվել։
Շուշիի ազատագրումը
1992 թվականին Շուշիի ռազմական գործողության ժամանակ առաջին վաշտը Բեկորի գլխավորությամբ առաջինն է մտնում քաղաք։ Ասում են, որ մայիսի 8-ի առավոտյան 6-ն անց 30-ին Աշոտը հեռակապով կապվում է Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) հետ՝ Կենտրոնական շտաբ, և հաղորդում, որ հայտնեն ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատարին, որ ինքը նստած է Շուշիի բերդի պատին ու սպասում է տղաների բարձրանալուն։ «Մինչև մի քանի րոպեն մտնում եմ քաղաք»,- ավելացրել էր Բեկորը։
Բեկորի մահը
1992 թվականի օգոստոսի 24-ին Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղի ազատագրման համար մղված մարտը վերջինը եղավ Բեկորի համար։
Բեկորի հիշատակին
1993 թվականին Աշոտ Ղուլյանը հետմահու արժանացել է ԼՂՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի։ 1999 թվականին ԼՂՀ նախագահի հրամանագրով արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը, պարգևատրվել է «Ոսկե արծիվ» շքանշանով։ 2002 թվականին արժանացել է «Շուշիի ազատագրում» շքանշանի։ Նրա անունով է կոչվում փողոց Շուշիում, ինչպես նաև Կենտրոնական պաշտպանական շրջանի առաջին մոտոհրաձգային զումարտակը։ Բեկորի մարտական անունը կրում է նրա կրտսեր որդին, ով ծնվել է հոր զոհվելուց հետո։
Բեկորի խոսքերից
«Եթե զինվորից սկսած մինչև նախարարը բոլորանվեր իրենց գործն անեն, ապա մեր բոլոր ձեռնարկումները կպսակվեն հաղթանակով…»,- ասում էր Արցախի լեգենդար հերոսը, որի համար «հայրենասիրությունն ոչ այլ ինչ է, եթե ոչ քեզ վրա դրված պարտականությունների բարեխղճորեն կատարում»։ Մարտերի միջև դադարի ժամանակ Բեկորն ասել է մարտական ընկերներին. «Եթե Ղարաբաղը կործանվի, ապա միայն քաղաքական խաղերի պատճառով է կործանվելու, քաղաքականությունն ամենասարսափելի գիշատիչն է»։