Պետական կառավարման կոլապսը մեկ հրդեհի օրինակով
АНАЛИТИКАԵրևանում երեկ խոշոր հրդեհ է բռնկվել Իսակովի 29/1 հասցեում գտնվող «Դոմուս» կահույքի պահեստում և խանութում, այրվել է մոտ 3000 քմ տարածք։ Միայն երջանիկ պատահականությամբ, զոհեր ու վիրավորներ չեն եղել։ Հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ փրկարար ծառայության տնօրեն, ՆԳ փոխնախարար Կամո Ցուցուլյանը «հպարտորեն» հայտարարում էր, թե ահռելի շենքի տարածքում հակահրդեհային համակարգ պարզապես չի եղել։ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից էլ նշել են, որ հիպերմարկետի շենքը տեսչական մարմնից ավարտական ակտ չի ունեցել։
«Մասնաճյուղն ավարտական ակտ չի ունեցել և չի էլ դիմել՝ նախկինում կառուցված ու պետական գրանցում ունեցած շենք է եղել, այդ պատճառով չի դիմել ավարտական ակտի համար։ Տեսչական մարմնի կողմից 4-րդ եռամսյակում էր նախատեսված ստուգումներ անցկացնել»,- հայտարարել է տեսչական մարմնի ներկայացուցիչը։
Միայն այս երկու դրվագները բավարար են մեկ տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների մասնագիտական անհամապատասխանության համար պաշտոնանկ անելու։ Իհարկե, որևէ մեկը պատասխանատվություն չի կրելու։ Նույնիսկ ողբերգական դեպքերի պարագայում ոչ ոք մինչ օրս պատասխան չի տվել իր հանցավոր անփութության համար։ Պարզապես, պետական գերատեսչությունները ռոճիկ ու պարգևավճար են ստանում ՀՀ քաղաքացիների հարկերից ու պարապուրդի են մատնված։ Ում խելքին էլ ինչ փչում անում է, այդ թվում՝ հսկայական շենքեր կառուցում, խանութներ դնում, հրդեհների ու պայթյունների պատճառ դառնում։
Ալլա Վարդանյան