27-ամյա կնոջ ոտքի վրայի թեթև ցանը չարորակ ուռուցքի ախտանիշ է եղել
ОБЩЕСТВОԵրիտասարդ կինը պատմել է, որ իր ոտքի վրայի թեթև ցանը տարօրինակ նախազգուշական նշան է դարձել, որ իր կրծքում քաղցկեղի ուռուցք է թաքնված, գրում է The Mirror-ը։
27-ամյա Ջեսիկա Համերսլին, Անգլիայի Էսեքս կոմսությունից, ձախ սրունքի վրա կարմիր բիծ է նկատել, որը մեկ տարվա ընթացքում անհետացել և նորից է հայտնվել, բայց նա այն վերագրել է էկզեմային:
Նա պատմել է, որ իր ձախ սրունքի վրայի ցանը տաք էր և տրոփող, սակայն ենթադրել է, որ այն ինքնիրեն կանցնի և մտածել, որ դա բուրավետ խոնավեցնող քսուքից գրգռման արդյունք է: Միայն այն բանից հետո, երբ նրա 25-ամյա փեսացուն՝ Ուիլյամ Ուեբերը, համոզել է հետազոտվել, նա դիմել է իր բժշկին, որը ենթադրել է, որ ցանը կարող է կապված լինել հակաբեղմնավորիչ հաբերի ընդունման հետ:
Ջեսիկան փորձել է ուրիշ դեղահաբ օգտագործել, բայց ցանը չի անհետացել, ուստի 2023 թվականի հոկտեմբերին նրան ռենտգեն հետազոտություն են արել, որը նրա կրծքում նորագոյացություն է հայտնաբերել:
Հաջորդ մի քանի ամիսների ընթացքում Ջեսիկային մի քանի բիոպսիա արեցին՝ փորձելով որոշել, թե ինչ է դա, և ի վերջո նորագոյացության հեռացման վիրահատություն կատարեցին, որպեսզի ուսումնասիրեն այն։ Փետրվարին նրա մոտ Հոջկինի լիմֆոմայի 2A փուլ ախտորոշեցին, և բժիշկներն ասացին, որ այն աճել է առնվազն վեց ամիս, եթե ոչ մեկ տարի:
Բարեբախտաբար, քիմիաթերապիայի ինտենսիվ կուրսից հետո Ջեսիկան օգոստոս ամսից բուժված հայտարարվեց:
Այժմ Ջեսիկան իր պատմությունը ներկայացնում է TikTok-ում՝ կոչ անելով բոլորին, ովքեր նմանատիպ ախտանիշներ ունեն, հետազոտվել։