Երևանի կոնսերվատորիայի շենքը վերակառուցվում է փուլային սկզբունքով. ՔԿ մանրամասներ է հայտնում
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեն հայտարարություն է տարածել վերջին օրերին տեղատարափ անձրևների հետևանքների պատճառով Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շենքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Կոնսերվատորիայի և կապալառու կազմակերպության ներկայացուցիչների հետ Քաղաքաշինության կոմիտեի պատասխանատու ստորաբաժանման մասնագետները տեղումների ընթացքում և դրանցից հետո մի քանի շրջայց են իրականացրել տարածքում, ուսումնասիրել իրավիճակը, պատճառված վնասն ու ձեռնարկել միջոցներ խնդրի կարգավորման համար։
Կապալառու կազմակերպությունը պատրաստակամություն է հայտնել իր միջոցներով իրականացնել անձրևից վնասված հատվածների կոսմետիկ հարդարում, մինչև հիմնական նորոգման աշխատանքների իրականացումը, որի համար անհրաժեշտ է դատարկել տվյալ մասնաշենքերի գույքը։
«Հարկ է նշել, որ շինարարական ցանկացած ծրագրի ընթացքում տանիքի փոխարինման փուլում եղանակային պայմանները հասկանալիորեն կարող են խոչընդոտել շինարարական աշխատանքների բնականոն ընթացքը` տարվա բոլոր ժամանակահատվածներում։
Հաշվի առնելով, որ մի քանի օրերի ընթացքում տեղացած անձրևը գերազանցել է ամսական նորման, ուստի հետևանքները եղել են համապատասխան։ Վնասվել են երկրորդ և երրորդ մասնաշենքերի վերջին հարկերը։ Անձրևաջրերը ներթափանցել են նաև երրորդ հարկ, որտեղ տեղ-տեղ պոկվել է առաստաղի և պատերի սվաղը»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Միաժամանակ ընդգծվում է, որ շինարարական ընկերությունը սահմանված կարգով, անվտանգության նկատառումներից ելնելով, տանիքի փոխարինման աշխատանքները մեկնարկելուց առաջ կոնսերվատորիայի աշխատակազմին խնդրել է ազատել վերջին` չորրորդ հարկի լսարաններն ու աշխատասենյակները, որից հետո միայն իրականացրել է տանիքի ապամոնտաժում։
«Տեղեկացնենք, որ Քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շենքի վերակառուցման ծրագրի շրջանակում, նախագծային փաստաթղթերի համաձայն, շինարարական աշխատանքները պետք է սկսվեին ողջ ծավալով, սակայն դասապրոցեսը չընդհատելու նպատակով ձեռք է բերվել համաձայնություն աշխատանքները կազմակերպել փուլային սկզբունքով։
Այս տարվա համար նախատեսված է առաջին մասնաշենքի վերակառուցում և երկրորդ ու երրորդ մասնաշենքերի տանիքների փոխարինում։ Առաջին մասնաշենքում, որտեղ դասապրոցես չի կազմակերպվում, շինարարական աշխատանքներն ընթանում են բնականոն հունով։ Երկրորդ մասնաշենքում իրականացվում են ծածկի մոնտաժման, իսկ երրորդում` տանիքի ամրակայման աշխատանքներ։
Ծրագրի շինարարական աշխատանքներն իրականացվում են ժամանակացույցի համաձայն և ավարտվելու են սահմանված վերջնաժամկետում։ Ընթացքում, սակայն, ժամանակացույցը ճշգրտվում է, քանի որ շինարարական աշխատանքներն իրականացվում են փուլ առ փուլ` հարմարեցվելով դասապրոցեսին»,- հավաստիացնում են Քաղաքաշինության կոմիտեից՝ ընդգծելով, որ կոմիտեն մշտական կապ է պահպանում Երևանի կոնսերվատորիայի ղեկավարության ու կապալառու կազմակերպության ներկայացուցիչների հետ և հետամուտ է լինելու անձրևաջրերի հետևանքով ծագած խնդրի շուտափույթ կարգավորմանն ու ստեղծված անհարմարությունների վերացմանը։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live