5 տարի է` իբր բացվել է գործը, ոչինչ չեն արել․ Բախշյանը՝ Հոկտեմբերի 27-ի մասին
ОБЩЕСТВОԽոստում տալը, պարզվում է՝ հեշտ է, բայց իրականացնելը չգիտեմ՝ դժվար է, թե անցանկալի է: Այս մասին այսօր ԱԺ բակում լրագրողների հետ զրույցում նշել է Հոկտեմբերի 27-ի ոճրագործության ժամանակ զոհված ԱԺ փոխխոսնակ Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանը:
«Որովհետեւ, երբ ուզում են՝ բացահայտում են այն ահաբեկչությունը, որ ինչ-որ խումբ պատրաստվում էր նույնիսկ Սերժ Սարգսյանի ժամանակ, Նիկոլ Փաշինյանի ժամանակ… բացահայտեցին, փառք Աստծո, բայց Հոկտեմբերի 27-ից անցել է 25 տարի, չեն բացահայտում: Պատճառները չեմ կարող ասել, բայց ցանկության բացակայություն եմ տեսնում: Չեմ կարող ասել՝ ինչով է պայմանավորված, բայց չափազանց դժգոհ եմ, ամբողջ հոգով ուզում եմ գոռալ ու ասել, որ մեր պետության այսօրվա վիճակը հոկտեմբերի 27-ի հետեւանք է: Դա տեսնում են բոլորը: Ուղիղ մեկ տարի առաջ ԱԺ-ում, այս հերթական հավաքույթի ժամանակ, երբ ԱԺ նախագահի նախագահին ասացի՝ ինչո՞ւ ԱԺ անվտանգության հարցերի հանձնաժողովը չի հրավիրում, չի փորձում պարզել, թե ինչ են արել: 5 տարի է, իբր բացվել է գործը, ինչու թեկուզ փակ լսում չեք անում, հասկանաք՝ ինչ է կատարվում: Մեկ տարին անցավ, ոչինչ չարեցին: Հիմա գործն արդեն քննչականում է: Վերջերս Քյարամյանը ԱԺ-ում հաշվետվություն էր տալիս, ոչ մի պատգամավոր հարց չտվեց, չասաց՝ պարոն Քյարամյան, փետրվարից այդ գործը ձեր ենթակայության տակ է, ի՞նչ եք արել, ինչ եք պատրաստվում անել»,-ասաց Անահիտ Բախշյանը:
Նա հայտարարեց, որ հիասթափված է Նիկոլ Փաշինյանից.
«Շատ առիթներ ունեմ հիասթափվելու: Չեմ թաքցրել, ասել եմ, բայց գիտեք՝ շատ դժվար է խոստովանել, որ պետությանդ վարչապետին, որին ընտրել է ժողովրդի 60 տոկոսից ավելին, այսօր քո սպասելիքները, խոստումները, որ տվել է, ծրագիրը, որ գրել է հոկտեմբերի 27-ի վերաբերյալ, ինչեր ասել է, Կարեն Դեմիրճյանի արձանի բացման օրն ինչ խրոխտ ասում էր, որ սա բացահայտվելու է եւ մազ անգամ տեղից չի շարժվել: Սա ես ասում եմ ամենայն պատասխանատվությամբ որպես մեկը, ում դիմումի հիման վրա վերաբացվեց գործը: Ես Քյարամյանի հետ հանդիպել եմ, ոչ մի գործ չի արվել եւ առաջ չի գնում:
Ցավում եմ, մենք պարտավոր ենք պահանջել հոկտեմբերի 27-ի բացահայտում, որպես ներսի ու դրսի մեր թշնամիներին բացահայտելու համար, որպեսզի մեր ինքնությունը, մեր անկախությունը պաշտպանենք մինչեւ վերջ: Մեր անկախությունը մեզնից խլելու համար սպանեցին այս մարդկանց»,- նշեց Անահիտ Բախշյանը: