«Հարութը գերի չի ընկել, զոհվել է»․ որսորդը, բանաստեղծը, հավերժ զինվորը՝ Հարություն Ավետիսյանը
ВИДЕОՀարություն Աշոտի Ավետիսյանը ծնվել է 2000 թվականի օգոստոսի7-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում։
Մայրը՝ Արմենուհի Փոստոյանը Iravaban.net-ի «Արցախյան պատերազմի անմահ զոհերը» շարքի շրջանակներում ասաց, որ որդին ծնվել է իր ծննդյան օրը և դա լավագույն նվերն է եղել։
Հայրը՝ Աշոտ Ավետիսյանն ասում է, որ ինքը որսով է զբաղվել, որդին էլ դեռ վաղ տարիքից սկսել է կրակել։
«Անպայման ընկնում էր հետևիցս, պապ, ինձ տար որսի։ Ձմեռվա շորերը հագնում էր, փամփշտակալը կապում էր ու ասում՝ պապ, նկարի ինձ։ Միշտ հետս գալիս էր Սևան, ձկնորսության։ Սիրում էր բնությունը, աշխույժ էր շատ։ Արագ էր կողմնորոշվում ու մտածում»,-ասաց հայրը։
Հարությունն ավարտելով 9-րդ դասարանը, գնացել է քոլեջ, ընտրել է ավտոէլեկտիկի մասնագիտությունը։ 13-14 տարեկանից էլ հաճախել է Պատանի երկրապահների ակումբ։
«Զինվորական համազգեստը սիրում էր, 5 տարի երկարապահ եղավ։ Ավեն ինչի պատրաստ էր, լավ նշանառու էր։ Պատրաստի զինվոր մեկնեց հայկական բանակ, բայց ավաղ․․․»,-նշեց հայրը։
Հարությունը բանակ է զորակոչվել 2019 թվականի հունվարի 17-ին։ 6 ամիս ծառայել է Էջմիածնում։ Այնուհետև սակրավորի մասնագիտությամբ տեղափոխվել է Ջրական։ Մայրն ասում է, որ որդին ոչ մի անգամ չի բողոքել ծառայությունից։ Հարությունը ծառայության ընթացքում հասցրել է նույնիսկ ստեղծագործել, բանաստեղծություններ է գրել։ Ընկերը պատմել է, որ Հարությունը գրել է ծառայակիցների մասին, բայց չի տվել, որ կարդան, ասել է՝ կզորացրվենք, բոլորիդ կնվիրեմ։ Զոհվելուց հետո հայրը գրպանից է գտել բանաստեղծությունները։
Երբեք չստող Հարությունն առաջին անգամ մորը ստել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին՝ հավատացնելով, որ ինքը կռվի դաշտում չի։
«Փայտից խաչեր է բաժանել տղերքին, որ Աստված իրենց պահապան լինի։ Պատերազմի ողջ ընթացքում գինի է ունեցել ուսապարկի մեջ, ասել է՝ տղերք, երբ մեր հաղթանակը տոնենք, այս գինին կբացենք։ Վերջին զանգը եղել է հոկտեմբերի 10-ին։ Միշտ, որ խոսում էինք, վերջում ասում էր՝ մամ, անպայման կզանգեմ, բայց վերջին անգամ այդ «անպայման»-ը չնշեց»,-պատմեց մայրը։
Հարությունը պատերազմի դաշտում էլ փորձել է բարձր տրամադրությունը պահել։ Ընկերներին քաջալերել է, հիշեցրել է որսի իր պատմություններն ու ավելացրել․ «Որսը ձեր դեմից փախնում ա, խփեք»։