«Սատանայից մարդասիրական քայլ մի սպասեք». Բաքվում հայ գերիների հարազատները հույսեր չեն կապում COP29-ի հետ
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բաքվում պահվող հայ գերիների հարազատների մի մասը շունչները պահած սպասում է նոյեմբերի 11-ին Ադրբեջանում մեկնարկող COP29 ՄԱԿ-ի կլիմայական համաժողովին, որը թշնամի երկրում կանկացվի մինչև նոյեմբերի 22-ը։ Մի մասը, սակայն, կորցրել է գերության մեջ հայտնված հարազատին տեսնելու հավատը։
«Ի՞նչ մարդասիրական քայլ, հավատո՞ւմ եք, որ Բաքուն Հայաստանին է փոխանցելու մեր հարազատներին, ես չեմ հավատում։ Եթե նույնիսկ փոխանցի, ապա դրա դիմաց ինչ որ մի բան պետք է ստանա, սատանայից մարդասիրական քայլ մի սպասեք»,-MediaHub-ին ասաց հարազատներից մեկը։
Նրա հայրը գերության մեջ է հայտնվել նախորդ տարվա սեպտեմբերին։ Ընտանիքի հետ կապի մեջ է շաբաթը մեկ անգամ։
«Առաջ, երբ դեռ զանգելու հնարավորությունը նոր էին տվել, ուրախանում էինք, բայց գնալով հասկացանք, որ մեր խոսակցության բովանդակությունը չի փոխվում․ «ո՞նց եք, ի՞նչ եք անում, ինչո՞վ եք զբաղվում»... իհարկե, լավ չենք առանց իրեն, դա հայրս էլ գիտի, բայց միշտ նույն հարցերը՝ նույն պատասխանները։ Հիմա, եթե ինքը առողջական խնդիր ունենա, կամ լավ չվերաբերվեն իր հետ, հո՞ հեռախոսով մեզ չի ասելու դրա մասին»,-ասաց մեր զրուցակիցը։
MediaHub-ը խոսեց նաև մեկ այլ գերու հարազատի հետ ևս։ Մայրն ասաց, որ հավատը չի կորցնում, որ COP29-ից առաջ կամ հետո որդուն կրկին գրկելու հնարավորություն կունենա։
«Իմ հույսն ավելի շատ Աստվածն է։ Որ որդիս ողջ է մնացել, չեն սպանել, ուրեմն նաև տեսնելու եմ նրան։ Ձայնը լսում եմ, դա էլ է հերիք։ Մնում է գա, բոլորը գան։ Քրոջս ամուսինն էլ է գերության մեջ։ Ես մտածում եմ, որ COP29-ին ընդառաջ կամ ընթացքում, աշխարհի աչքի առաջ Բաքուն Հայաստանին կփոխանցի մեր հարազատներին»,- ասաց մեր զրուցակիցը։
Թե ինչ վերաբերմունքի են արժանանում Բաքվում պահվող գերիները, հարազատները պատկերացնում, բայց չեն ուզում մտածել։
«Դե ամեն դեպքում իմ տղան ասում է, որ իր հետ ամեն ինչ լավ է։ Քանի որ գերիների հարազատներով իրար հետ կապի մեջ ենք, լսել եմ, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների հետ լավ չեն վերաբերվում։ Չգիտեմ՝ որքանով է ճիշտ կամ սխալ, բայց տրամաբանական է»,-հավելեց նա։
Նշենք, որ ըստ պաշտոնական տվյալների, Բաքվում պահվում է 23 հայ, նրանցից 8-ը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներն են, մյուսների թվում՝ զինծառայողներ և քաղաքացիական անձինք։ Իրավապաշտպանները, սակայն, գերիների այլ թիվ են հնչեցնում՝ մի քանի տասնյակ, սակայն այս փաստը Բաքուն չի ընդունում:
Հունան Թադևոսյան
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live