Ո՞վ է Պիլատեսը, և ինչո՞ւ է նրա անունը կրող մարմնամարզությունն այդքան հայտնի ամբողջ աշխարհում. «Փաստ»
ОБЩЕСТВО«Փաստ» օրաթերթը գրում է.
Մարմնամարզության տեսակներից մեկը կոչվում է պիլատես: Այդ անունը գալիս է հենց դրա ստեղծողից՝ Ջոզեֆ Հյուբերտ Պիլատեսից։ Պիլատեսը վարժությունների ամենահին հավաքածուն է՝ ստեղծված մոտ 100 տարի առաջ։ Այս համակարգը հիմնված է բավականին պարզ և, այդուամենայնիվ, արդյունավետ վարժությունների վրա, որոնք ուղղված են ռիթմիկ և ճիշտ շնչառությանը: Ջոզեֆ Պիլատեսը ծնվել է 19-րդ դարի վերջին Արևմտյան Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքի շրջակայքում։ Այն ժամանակ երեխաներն ամենուր տառապում էին այնպիսի հիվանդություններից, ինչպիսիք են ասթման, ռախիտը, ռևմատիկ տենդը, և Ջոզեֆը չէր խուսափել դրանից: Նրա հայրը մարմնամարզիկ էր և որոշեց որդուն ծանոթացնել ֆիզիկական վարժություններին, որպեսզի բարելավի առողջությունը: Շնորհիվ իր համառության, ամենօրյա վարժություններով աշխատանքը արդյունք տվեց, և թույլ ու հիվանդ երեխա Ջոզեֆն արդեն 15 տարեկանում գեղեցիկ մկաններով առողջ պատանի էր, որին բոլորն էին նախանձում:
Երեսուն տարեկանում Պիլատեսը մեկնեց Մեծ Բրիտանիա, որտեղ փորձեց իր ուժերը դասավանդելու գործում: Նրա կյանքի նշանակալից իրադարձություններից մեկը Առաջին համաշխարհային պատերազմի վիրավոր զինվորների վերականգնմանն օգնելն էր: Նրանց հետ աշխատելիս նա հետևում էր մարզումների դինամիկային և իր մեթոդաբանությունը լրացնում վարժություններով, որոնք նպաստում են մարմնի թուլացած ֆիզիկական վիճակի վերականգնմանը։ Նրա շատ մեթոդաբանական սկզբունքներ, որոնք ի հայտ եկան այդ ժամանակաշրջանում, հետագայում դարձան պիլատես վարժությունների համակարգի հիմքը։ Տեղափոխվելով ԱՄՆ՝ Ջոզեֆը բացեց իր առաջին դպրոցը, որտեղ սովորեցնում էր ֆիզիկական պատրաստվածության նոր համակարգի հիմունքները։ Դպրոցը մեծ հաջողություն ուներ. թատրոնի և կինոյի աստղերը, պարողները և այն ժամանակվա հայտնի շատ այլ մարդիկ էին լինում նրա մարզադահլիճում:
Պիլատեսը նրանց սովորեցնում էր ճիշտ շնչել, ձգվել և տարբեր ֆիզիկական վարժություններ կատարել ինքնուրույն կամ օգտագործելով այն սարքավորումները, որոնք նա անձամբ էր մշակել: Հետագայում նա համալրեց իր համակարգը Թայ Չիի դպրոցի տարրերով, որոնք փոխառել էր Չինաստանից ներգաղթյալների հետ շփման ժամանակ։ 20-րդ դարի քառասնականներին Նյու Յորքում Պիլատես անունը լայնորեն հայտնի էր դարձել, իսկ նրա դպրոցը նորաձև բրենդային հաստատություն էր: Ջոզեֆը հավատում էր, որ մարմնի ողջ էներգիան գտնվում է կենտրոնում, ուստի իր համակարգում գլխավոր դերը վերապահել էր «պրեսին»։ Մեջքը և որովայնը միասին կազմում են մի շրջանակ, որը պահում է մարմինն ուղիղ դիրքում: Կարելի է փաստել, որ պիլատեսը մարմնամարզության տեսակ է, որով կարելի է վերականգնել ճիշտ կեցվածքը և պահպանել այն։ Յուրաքանչյուրը կարող է զբաղվել պիլատեսով՝ անկախ տարիքից և ֆիզիկական պատրաստվածությունից, ընդ որում՝ դա կարելի է անել ինչպես մարզասրահում, այնպես էլ տանը:
Պիլատես վարժությունները նախատեսված են բարելավելու մարմնի մկանների ճկունությունը, առողջությունն ու ուժը: Հետագայում այդ համակարգը լայն ընդունելություն է ստացել ամբողջ աշխարհում: Ջոզեֆ Պիլատեսի շատ աշակերտներ բացել են իրենց դպրոցները, որոնցից յուրաքանչյուրն ուներ իր ոճը՝ կախված նախասիրություններից: Բայց բոլոր դպրոցները հիմնված էին նույն սկզբունքների վրա: Պիլատես մարմնամարզությունը կատարվում է ինչպես առանց սարքավորումների, այնպես էլ տարբեր չափերի գնդակների, իզոտոնիկ օղակների, ռուլետների օգտագործմամբ։ Գործում են հատուկ պարապմունքներ երեխաների, հղիների համար, ինչպես նաև վարժություններ հատուկ ցանցաճոճերում, որը հակագրավիտացիոն պիլատեսն է, և դա ֆիթնեսի՝ մարմնամարզության գրեթե միակ տեսակն է, որը հակացուցված չէ հղիներին:
ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում