Կրթական ուղևորություն Դուբայ. «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի բացառիկ առաջարկը
КУЛЬТУРАՕրերս տեղեկացրել էինք, որ Մերձավոր Արևելքի դասական երաժշտության ակադեմիան Հայաստանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի հետ միասին առաջարկում են ճանապարհորդության բացառիկ հնարավորություն: Հիմնադրամն արդեն երրորդ անգամ նախաձեռնում է «Կրթական ուղևորություն» դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ, մասնավորաբար՝ Դուբայ քաղաք՝ Մերձավոր Արևելքի դասական երաժշտության ակադեմիային (Middle East Classical Music Academy-MECMA) մասնակցելու նպատակով, որն անցկացվելու է 2025 թ․-ի ապրիլի 6-ից 21-ը։
Մերձավոր Արևելքի դասական երաժշտության ակադեմիան դասական երաժշտության թիվ մեկ ուսումնական հաստատությունն է: 2021 թ.-ից ի վեր երիտասարդ երաժիշտները բացառիկ հնարավորություն են ստանում մասնակցելու վարպետության դասերի և սեմինարների, որոնք վարում են մեր ժամանակների հեղինակավոր դասախոսները: Ակադեմիան Դուբայ է վերադառնում չորրորդ անգամ: 2025 թ.-ին նա խոստանում է ոչ միայն վարպետության դասեր երիտասարդական նվագախմբերի, այլև դասընթացներ խմբերգային անսամբլների համար, անհատական վարպետության դասերի շարք տարբեր անվանակարգերում և հատուկ համերգաշար:
«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամն ակադեմիայի կազմակերպիչներից ստացել է բացառիկ առաջարկ Հայաստանի երաժշտական կրթօջախների սաների և ուսուցիչների համար: Ծրագրում ընդգրկվելու հնարավորություն ունեն Հայաստանի երաժշտական և արվեստի դպրոցի/քոլեջի/կոնսերվատորիայի սան հանդիսացող պատանի երաժիշտները, կարող են մասնակցել նաև երաժշտական կրթական հաստատությունների ուսուցիչներն ու դասախոսները՝ որպես պասիվ մասնակիցներ բոլոր վարպետության դասերին և դասախոսություններին: Նրանք կվերապատրաստվեն, հնարավորություն կունենան շփվելու հեղինակավոր երաժիշտների դասավանդման մեթոդներին, յուրացնելու դասական ստեղծագործությունների կատարողական նոր մեկնաբանումներ ու մոտեցումներ: Եվ ամենակարևորը՝ ստացած փորձառությունը ներդնելու մեր կրթական համակարգում:
2019 թ.-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ ստեղծված հիմնադրամի նպատակն է եղել և մնում բացահայտել Հայաստանի տաղանդավոր երաժիշտներին և աջակցել նրանց հասնելու իրենց երազանքներին: Անցնող տարիների ընթացքում հիմնադրամը նախաձեռնել և հաջողությամբ իրականացրել է կրթական բազմաթիվ ծրագրեր, կազմակերպել է պատանի երաժիշտների համար կրթական ուղևորություններ արտասահմանյան լավագույն ակադեմիաներ և փառատոններ, որտեղ նրանք հնարավորություն են ունեցել օգտվել միջազգային մակարդակի դասավանդումից, մասնակցել ճանաչված արտիստների հետ վարպետության դասերի և հանդես եկել հեղինակավոր բեմերում: Հիմնադրամը կարևորում է մասնակցությունը Մերձավոր Արևելքի դասական երաժշտության ակադեմիային՝ համարելով այն հնարավորությունների հրաշալի հարթակ երաժիշտների և դասավանդողների համար: