Աղազարյանին կարող են ճնշել
АНАЛИТИКАԱյսօր երեկոյան լրանում է այն ժամկետը, երբ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրապարակելու է իր որոշումը՝ հրաժարվո՞ւմ է մանդատից, թե՞ ոչ։ Օրերս իր հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե ինքն է հորդորել Նարեկ Զեյնալյանին ու Հովիկ Աղազարյանին, ինչպես նաև ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանին՝ հրաժարական ներկայացնել։ Պատճառը հոկտեմբերի 15-ին խորհրդարանում կայացած լսումներն էին, որոնք աչքի էին ընկել փոխադարձ վիրավորանքներով, գոռգոռոցներով։
Քյարամյանն այլևս ՔԿ նախագահը չէ, Նարեկ Զեյնալյանն էլ առանց դիմադրելու հրաժարվեց մանդատից։ Հովիկ Աղազարյանն ավելի երկար է դիմադրում։ Փաշինյանի հարցազրույցից հետո նա խոստացել էր իր որոշումը հրապարակել երկուշաբթի, ժամը 18-ից հետո։ Մեր տեղեկություններով, Աղազարյանն ամենևին էլ հակված չէ մանդատը վայր դնել, բայց հասկանում է, որ այդ դեպքում հայտնվելու է իշխանության ճնշումների ներքո, ընդհուպ քրեական գործերի հարուցում։ Առանց այն էլ, իշխանական պատգամավորն օրենքի հետ խնդիրներ ունի, որդուն և իրեն մեղադրում են տարբեր հանցագործությունների մեջ։ Նիկոլ Փաշինյանին ոչինչ չի խանգարում իր կուսակցի դեմ քրեական վարույթներ հարուցել, ընդհուպ կալանավորել։
Աղազարյանը, իհարկե, կարող էր դիմադրել, եթե ընդդիմության կողմից աջակցություն ունենար։ Նախկին դաշնակցականի նախկին գործընկերները կարող էին Փաշինյանի ապօրինի պահանջն օգտագործել՝ ցույց տալու, որ Հայաստանում պատգամավորին հետապնդում են, զրկում մանդատից իր կարծիքը հայտնելու համար։ Դա, ի դեպ, բխում է հենց ընդդիմության շահերից։ Անկախ Հովիկ Աղազարյանի նկատմամբ վերաբերմունքից, նա իրեն ավելի արժանապատիվ էր պահել, քան իր մյուս, անմռունչ ենթարկվող կուսակիցները։
Ընդդիմությունից որևէ աջակցություն չստանալով՝ Աղազարյանը ստիպված կլինի վայր դնել մանդատը, իսկ Փաշինյանն էլ ևս մեկ անգամ կապացուցի, որ ցանկացած քպական իր համար ընդամենը կոճակ սեղմող ուսապարկ է։
Մանան Գրիգորյան