Խաղաղությունը ինքնին տրված իրականություն չէ, այն պետք է ամեն օր պաշտպանել․ Մամիջանյան
БЛОГՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մոսկվայում անցկացվող «ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ քաղաքական կուսակցությունների դաշինքների և բլոկերի փոխգործակցության դերը» խորագրով 5-րդ միջազգային համաժողովին ՀՀ ԱԺ Պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանի ելույթը․
«Համաժողովի հարգելի մասնակիցներ, գործընկերներ, բարեկամներ,
Նախ և առաջ թույլ տվեք Հայաստանի Հանրապետական կուսակցության և «Պատիվ ունեմ» խմբակցության անունից շնորհակալություն հայտնել այս հանդիպման կազմակերպիչներին նման նշանակալից թեմայի քննարկման հնարավորության համար։
Այսօր, խոսելով Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի մասին, մենք ոչ միայն հիշում ենք անցյալը, այլև քննարկում դրանից քաղած դասերը, որոնք կարևոր են և’ մեր ներկայի, և’ մեր ապագայի համար: Մեր համաժողովի թեման ընդգծում է, որ խորհրդարանների, խմբակցությունների և քաղաքական դաշինքների փոխգործակցությունը ոչ թե պարզապես կառավարման գործիք է, այլև պատմական հիշողությունը պահպանելու և մեր երկրների միջև առկա բարեկամությունն ամրապնդելու հզոր ռեսուրս։
Հայաստանի համար, ինչպես Խորհրդային Միության բոլոր ժողովուրդների համար, Մեծ հաղթանակը դարձել է ազգային գիտակցության անբաժանելի մասը։ Իմ երեք մեծ պապերը եղել են ռազմաճակատում, որոնցից մեկը՝ Թամանյան դիվիզիայի կազմում։ Հաղթանակի օրը մեր ընտանիքի համար միշտ եղել է, կա և կմնա հարազատ տոն։
Մեր պապերն ու նախապապերը ուս-ուսի պաշտպանել են մեր հայրենիքը։ Ռազմավարական դաշնակցային հարաբերություններն այժմ էլ կապում են իմ երկիրը Ռուսաստանի հետ՝ բարեկամության և ընդհանուր պատմության անկոտրում շղթայի պես։ Ընդհանուր շղթայի ամրությունը կախված է դրա յուրաքանչյուր օղակից: Եվ նշանակություն չունեն այդ օղակների ո’չ չափը, ո’չ տեղակայումը. եթե դրանցից որևէ մեկը թուլանա, կթուլանա նաև ամբողջ շղթան: Սա պետք է հիշենք բոլորս։
Խաղաղությունը ինքնին տրված իրականություն չէ, այն պետք է ամեն օր պաշտպանել։ Գործընկերներիս հանդեպ հարգանքից ելնելով` ես չեմ շեղվի մեր հանդիպման թեմայից, բայց չեմ էլ կարող չընդգծել, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի, իսկ հայ ժողովրդի զավակները պետք է հնարավորություն ունենան գերությունից վերադառնալու իրենց հայրենիք։ Միայն այդ դեպքում մենք կտեսնենք, որ մեր հարևանները, ինչպես և մենք, փորձում են պաշտպանել մեր տարածաշրջանի փխրուն խաղաղությունը։ Միայն այդ ժամանակ հնարավոր կլինի քննարկել խաղաղության պայմանագիրը և Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները։ Հայաստանի ներկայիս ղեկավարներն արդեն զիջել են ավելին, քան երբևէ կարող էր երազել հակամարտության կողմերից մեկը։
Միջխորհրդարանական համագործակցությունը եզակի հնարավորություններ է ստեղծում մեզ համար։ Սա հարթակ է, որտեղ խմբակցություններն ու քաղաքական դաշինքները կարող են հանդես գալ որպես մեկ միասնական ճակատ՝ ընդհանուր նպատակներին հասնելու համար: Եվ Հայրենական մեծ պատերազմի հիշատակի պահպանումը պետք է այդ նպատակներից մեկը լինի։ Միասին մենք կարող ենք մշակել կրթական համատեղ նախագծեր, աջակցել պատմական հետազոտություններին, կազմակերպել միջազգային համաժողովներ՝ աշխարհին հիշեցնելու համար, որ հաղթանակը ընդհանուր էր և պատերազմի դասերը պատկանում են բոլորին։
Հավերժ փառք հերոսներին։
Փառք Մեծ Հաղթանակին:
Շնորհակալություն ուշադրության համար»։