Ինչո՞ւ, չնայած տուգանքներին, ծխախոտի տուփերին նախազգուշացնող պատկերների պահանջը չի գործում
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հակածխախոտային օրենքի ուժի մեջ մտնելուց գրեթե մեկ տարի անց շուկայում հեշտությամբ կարելի է գտնել ծխելու վնասակարության մասին նախազգուշացնող պատկերներ չպարունակող փաթեթավորմամբ ծխախոտեր։ Չնայած վերահսկող մարմնի կողմից ծխախոտի արտադրությամբ և ներմուծմամբ զբաղվող ընկերությունների նկատմամբ կիրառված տուգանքներին՝ հին փաթեթավորմամբ ծխախոտային արտադրանքը դեռևս ազատ վաճառքում է։
Ինչպես հայտնել էինք՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել էր, որ ստուգումներ են իրականացվել ՀՀ-ում ծխախոտային արտադրատեսակների ներմուծմամբ և արտադրությամբ զբաղվող ընկերություններում, ինչի արդյունքում ընկերությունների մոտ հայտնաբերվել են ԵԱՏՄ “Ծխախոտային արտադրանքի մասին տեխնիկական կանոնակարգի” խախտումներ։ Այդ ընկերությունների նկատմամբ կիրառվել է 400,000 դրամի չափով տուգանք։
Ստացվում է՝ գրեթե մեկ տարում մեծ շահույթներ ապահովող ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունները վճարելով ընդամենը 400,000 դրամ տուգանք՝ հանգիստ շարունակում են խախտել օրենքը՝ փոշիացներով ծխելու դեմ պայքարին ուղղված ջանքերը։
Բացի այդ, անգամ երկրորդ ստուգման դեպքում կրկնակի տուգանվելը ծխախոտի ներմուծմամբ և արտադրությամբ զբաղվող ընկերությունների համար ավելի ձեռնտու է, քան օրենքին համապատասխանող՝ «սարսափազդու» պատկերներով տուփերի կիրառումը, քանի որ դրանց հասցրած ֆինանսական կորուստը անգամներով ավելին կարող է լինել։ Այս պայմաններում ծխախոտային ընկերությունների համար օրենքը խախտելը դառնում է ավելի ձեռնտու, քան հետևելը։
Եվ քանի որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նման օրինազանցման համար ավելի խիստ պատիժ սահմանված չէ, զարմանալի չէ, որ դեռևս ակտիվորեն շրջանառվում է հին փաթեթավորմամբ ծխախոտը։
Հիշեցնենք, որ NEWS.am-ը շաբաթներ շարունակ ուշադրության կենտրոնում է պահում ծխախոտի տուփերին ներկայացվող պահանջների խախտման թեման։
Մենք ներկայացրել ենք նաև տարբեր կառույցների պատասխանները՝ փորձելով բացահայտել, թե ինչպես է իրականացվում այս ոլորտի վերահսկողությունը և ինչ արդյունքներ են գրանցվել։
Առողջապահության նախարարությանը խնդրել էինք պարզաբանել, թե որ գերատեսչությունն է պատասխանատու հունվարի 1-ից ուժի մեջ մտած կարգավորումների վերահսկողության համար։ Պատասխան նամակում նախարարությունը նշել էր, որ վերահսկողությամբ զբաղվում են Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն ու Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտնել էր, որ հարցն իրենց լիազորությունների շրջանակից դուրս է, իսկ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի պատասխանը եկավ հերքելու ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալի ենթադրությունը ծխախոտի արտադրման ժամկետների մասին և պարզվեց, որ բոլոր ընկերությունների մոտ հայտնաբերվել են ԵԱՏՄ համապատասխան կանոնակարգի խախտումներ։
Չնայած օրենսդրական փոփոխությունները նպատակ ունեն նվազեցնել ծխախոտի օգտագործումը և բարձրացնել հանրային առողջության մակարդակը՝ նման ոչ նշանակալի պատժամիջոցները հարցականի տակ են դնում դրանց արդյունավետությունը։
NEWS.am-ը շարունակում է հետևել այս խնդրի զարգացումներին և մնում է նվիրված՝ ապահովելու հանրային իրազեկումը և պատկան մարմինների ու ընկերությունների պատասխանատվության պահպանումը։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/+l9xjL01DqrowZjUy