Բալլադային ռոքի նոր մեկնաբանություն. Վահագ Ռաշը հանդիսատեսի դատնին կհանձնի նոր տեսահոլովակ
ЛАЙФՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երգիչ-երգահան Վահագ Ռաշը շուտով հանդիսատեսի դատին կհանձնի նոր երգ և տեսահոլովակ` «Լռե»: Ստեղծագործությունը բալլադային ռոքի ինքնատիպ մեկնաբանություն է, որտեղ միահյուսվել են սերն ու հուզականությունը: Երգի համար ստեղծվել է անիմացիոն տեսահոլովակ՝ ձեռքով նկարված, որը վիզուալ պատմություն է պատմում:
Անիմացիոն աշխատանքը հեղինակել է Հայկ Սայադյանը, որն ըստ հեղինակի՝ ոճական նոր շունչ է հաղորդել երաժշտական ստեղծագործությանը:
Նախագծի վրա աշխատել են Վահագ Ռաշը՝ երաժշտություն և կատարում, Արթուր Սարգսյանը՝ խոսքերի հեղինակ, գործիքավորումն իրականացրել է Կարեն Արզումանյանը, ձայնային պրոդյուսինգը՝ Սերգեյ Գասպարյանը:
««Լռե»-ն ծնվեց իմ մեջ այն զգացումների ֆոնին, որոնք կապված են սիրո ու ներքին լռության հետ: Երբեմն մարդու ներսում լռությունը խոսում է ավելի բարձր, քան խոսքերը, և այդ լռությունը լի է զգացմունքներով, հիշողություններով ու անավարտ պատմություններով: Սա այն է, ինչ ցանկացա արտահայտել այս երգով»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասաց Վահագ Ռաշը:
Նրա կարծիքով՝ անիմացիան, հատկապես ձեռքով արված, ունի մոգական ազդեցություն:
«Հայկ Սայադյանը հիասքանչ կերպով փոխանցեց երգի էմոցիոնալ լարվածությունն ու սյուժետային գիծը: Մեր համագործակցությունը շատ ներդաշնակ էր. նա լսեց երգը, կլանեց նրա գաղափարը և իր արվեստի միջոցով «Լռե»-ն ներկայացրեց յուրօրինակ տեսանկյունից»,- նշեց նա:
Վահագ Ռաշը ընդգծեց, որ Արթուր Սարգսյանը տաղանդավոր բանաստեղծ է, ով կարողանում է գրի առնել զգացմունքների նրբությունը:
«Նրա խոսքերը հենց առաջին ընթերցումից ինձ հետ խոսեցին: Այնուհետև երաժշտությունը պարզապես եկավ ինքնաբերաբար, կարծես պատրաստ լիներ, միայն սպասում էր ճիշտ պահին:
Ես միշտ աշխատում եմ նորություն բերել իմ լսարանին: Ունեմ մի քանի նոր նախագծեր, որոնց վրա հիմա աշխատում եմ: Իսկ մոտ ապագայում, իհարկե, կլինեն նաև համերգներ, որտեղ «Լռե»-ն կներկայացվի կենդանի կատարմամբ»,- ամփոփեց մեր զրուցակիցը: