Լիտվան պատրաստ է քաղաքական ապաստան տրամադրել Վրաստանի նախագահին
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Լիտվայի իշխանությունները պատրաստ են անհրաժեշտության դեպքում քաղաքական ապաստան տրամադրել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին, հայտարարել է հանրապետության նախագահի ավագ խորհրդական Աստա Սկայսգիրիտեն։ Այս մասին գրում է «Սպուտնիկ» գործակալության լիտվական ծառայությունը:
«Բնական է, որ Լիտվան ապաստան կտրամադրի, եթե նման անհրաժեշտություն առաջանա»,- մեջբերում են նրա խոսքերը լիտվական լրատվամիջոցները։
Միաժամանակ, Լիտվայի ղեկավարի խորհրդականը նշել է, որ ներկայումս նման հարցում չի ստացվել.«Այս պահին նախագահ Զուրաբիշվիլին շատ հստակ ասել է, որ ինքը կանգնելու է իր ժողովրդի կողքին Թբիլիսիում»:
Ավելի վաղ Վրաստանի ղեկավարը հայտարարել էր, որ չի հրաժարվի իր պաշտոնից՝ չնայած դեկտեմբերի կեսերին լիազորությունների ավարտին։ Նա նշել է, որ կմնա նախագահ, քանի դեռ նոր խորհրդարան չի ընտրվել։ Զուրաբիշվիլիի կարծիքով՝ Վրաստանում վերջին ընտրությունների արդյունքները «ոչ լեգիտիմ են»։
Օրերս Լիտվայի իշխանություններն արգելել էին Վրաստանի իշխող կուսակցության ներկայացուցիչների և ՆԳՆ բարձրաստիճան աշխատակիցների մուտքը երկիր։ Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը հայտարարել է, որ այդ միջոցները ձեռնարկվել են «մարդու իրավունքների խախտումների համար պատասխանատվության հետ կապված»։
Բողոքի հերթական ալիքը Վրաստանում սկսվել է նոյեմբերի 28-ին այն բանից հետո, երբ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ ԵՄ-ին Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունները սկսելու հարցը մինչև 2028 թվականը չի ներառվի օրակարգում։ Սա առաջացրել է ընդդիմադիրների զայրույթը: Ցուցարարները քարեր, շշեր, այդ թվում՝ դյուրավառ խառնուրդներ, ճայթրուկներ են նետել խորհրդարանի շենքի վրա։ Ի պատասխան՝ անվտանգության ուժերն օգտագործել են հատուկ տեխնիկա, այդ թվում՝ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ։
Վրաստանում ավելի քան մեկ ամիս է՝ հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո զանգվածային բողոքի ցույցեր են ընթանում։ Ընտրություններում հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը՝ ստանալով ձայների 53,93 տոկոսը։ Խորհրդարան են մտել նաև չորս ընդդիմադիր կուսակցություններ, որոնք հայտարարել են, որ չեն ճանաչելու ընտրությունների արդյունքները և կոչ են արել աջակիցներին դուրս գալ փողոց։ Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, որն աջակցում է եվրոպամետ ընդդիմությանը, նույնպես կոչ է արել ցույցեր կազմակերպել։