«Ես անուն չունեմ». պրեմիերա՝ Կամերային թատրոնում. հերոսուհուն մարմնավորում է Քեթրին Մանասյանը
ЛАЙФՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կամերային թատրոնում՝ «Արմմոնո» թատերական փառատոնի շրջանակներում, կայացավ «Ես անուն չունեմ» մոնոներկայացման պրեմիերան: Հերոսուհուն մարմնավորում է դերասանուհի Քեթրին Մանասյանը: Ներկայացումը բեմադրել է ռեժիսոր Լուսինե Երնջակյանը, պիեսի հեղինակը Անուշ Ասլիբեկյանն է: Պիեսը գրվել է գրող Սոնա Վանի բանաստեղծությունների հիման վրա: Ներկայացման երաժշտությունը գրել է Վահան Արծրունին:
«Երկար տարիներ է ոգեշնչվում եմ Սոնա Վանի պոեզիայից, յուրաքանչյուր ստեղծագործություն կարծես դրամատուրգիական ավարտուն գործ լինի: Ինձ մոտ վաղուց հասունացել էր ցանկություն, որ նրա բոլոր ստեղծագործություններից հյուսվի դրամատուրգիական գիծ:
Դրամատուրգ Անուշ Ասլիբեկյանի կողմից առաջարկ եղավ անել դա հենց հիմա, քանի որ թեման շատ արդիական է»,- Tert.am Life-ի հետ զրույցում պատմեց դերասանուհի Քեթին Մանասյանը:
«Ես անուն չունեմ» ներկայացումը ընդվզում է պատերազմի դեմ:
Պիեսի հերոսուհին կին է, ով իր ջերմ ու արվեստով լի բնակարանում սպասում է սիրելի էակին: Սակայն մեդիայից դեպի իր բնակարան խուժող պատերազմի լուրերը խաթարում են իր խաղաղությունը, հանում են հավասարակշռությունից: Հերոսուհին ինքնաբերաբար հայտնվում է աշխարհաքաղաքական արհավիրքների կենտրոնում:
Ներքին բախումների, վախերի, կորուստների արդյունքում նա ի վերջո գտնում է սեփական ճշմարտության բանաձևը, որով և դիմում է աշխարհի կանանց:
«Մենք խոսում ենք հայի տեսանկյունից, բայց դիմում ամբողջ աշխարհին: Շատ լավ թիմ ձևավորվեց: Ռեժիսորը Լուսինե Երնջակյանն է, 2-րդ ռեժիսորն է Ժարա Մարտիրոսյանը: Վարդուհի Բաղդասարյանն իր մեծ տեխնիկական խմբով աջակցեց ու շատ հետաքրքիր լուծումներով ու դինամիկ ներկայացում ստացվեց»,- պատմեց դերասանուհին:
Քեթրին Մանասյանի խոսքով՝ բազում փակ դիտումներ են ունեցել:
«Մինչև ԱՄՆ մեկնելը բեմադրությունը հասցրեց դիտել նաև Սոնա Վանը: Ներկայացումը հուզեց նաև նրան: Բավական մեծ էներգիա է դրված ու շատ կուզեի, որ հաջողություն ունենար, ինչու չէ՝ նաև տարբեր երկրներում միջազգային փառատոնների մասնակցեր»,- մեզ հետ զրույցում ասաց դերասանուհին:
Նա հավելեց, որ ներկայացման սաունդթրեքը, գեղեցիկ երաժշտական մեջբերումներով, իրականացրել է Վահան Արծրունին:
«Արձագանքը լավն էր, իսկ հաջորդ ներկայացումը հանդիսատեսը կարող է դիտել դեկտեմբերի 7-ին»,- եզրափակեց Քեթրին Մանասյանը: