Էդմոն Մարուքյանը ճոխ է նշել իր կուսակցության իննամյակը. «Փաստ»
ПОЛИТИКА«Փաստ» օրաթերթը գրում է.
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ստեղծվել է 2015 թվականի դեկտեմբերի 12-ին: Այսինքն, եկող տարի այս օրերին լրանալու է ԼՀԿի տասնամյակը: Մեր ունեցած տեղեկություններով, կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը մտադիր է եղել հոբելյանը նշել մեծ ճոխությամբ:
Սակայն, ըստ երևույթին, պլաններում ինչ-որ բան է փոխվել, և Մարուքյանը որոշել է ոչ պակաս ճոխությամբ նշել նաև կուսակցության իննամյակը: Նա իր Տելեգրամյան ալիքում մի քանի նկար է հրապարակել՝ միայն գրելով. ««Լուսավոր Հայաստան» կուսակցությունը նշում է իր հիմնադրման իններորդ տարեդարձը»: Մեր աղբյուրի փոխանցմամբ, նախ՝ բավական մարդաշատ միջոցառում է անցկացվել, որին մասնակցել է մոտ 200 կուսակցական: Ոչ մեծ թվով, բայց նաև հյուրեր են ունեցել: Սակայն, մեր տեղեկություններով, ամեն ինչ «պաշտոնական» մասով չի ավարտվել. մի քիչ ավելի փոքր կազմով կուսակցության իններորդ տարեդարձը նշել են ռեստորանային «ֆորմատով»:
Այսուամենայնիվ, մեր զրուցակիցը նաև հավելեց, որ եկող տարվա պլանները ուժի մեջ են, այսինքն՝ Մարուքյանն ուզում է տասնամյակը շատ ավելի ճոխ ու մարդաշատ նշել: