Ով ինչի է պատրաստվում. «Փաստ»
ПОЛИТИКА«Փաստ» օրաթերթը գրում է.
Տարբեր փորձագետներ անընդհատ զգուշացնում են, որ Ադրբեջանը, որոշակի առումով նաև՝ Թուրքիան, պատրաստվում են պատերազմի, առնվազն՝ ռազմական արագընթաց ագրեսիայի: Վերջին օրերին օդային տեղաշարժերին հետևող լրագրողներ, բաց աղբյուրներ նշում են տարբեր երկրներից դեպի Ադրբեջան տրանսպորտային ինքնաթիռների անցուդարձի աշխուժացումը: Հազիվ թե այդ ինքնաթիռներով Ալիևի կլանի Նոր տարվա սեղանի չարազեղենն են տանում: Շատերն են նշում, որ Ադրբեջանը ակտիվորեն համալրում և ավելացնում է զինանոցը:
Ավելին, երեկ Ադրբեջանի խորհրդարանը հաստատեց եկող տարվա իրենց բյուջեն, որտեղ ռազմական ծախսերն այս տարվա համեմատ ավելացել են 1 միլիարդ դոլարով: Պարզից էլ պարզ է, որ Ադրբեջանի ռազմական ծախսերի հնարավոր առաջին թիրախը Հայաստանի Հանրապետությունն է: Ադրբեջանում էլ, Թուրքիայում էլ չեն թաքցնում, որ նպատակ ունեն զավթել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքն» առնվազն: Բայց Ալիևի գրգռված ախորժակը, ինչպես հայտնի է, տարածվում է Հայաստանի ամբողջ տարածքի վրա, որը նրանք արդեն պաշտոնապես անվանում են «արևմտյան ադրբեջան»: Ավելին, արդեն Թուրքիայում այդ բացարձակապես մտացածին «միավորի» ներկայացուցչություն են բացել: Թուրքական հեռուստաալիքները այլևս 2025-ի Թուրքիայի քարտեզը նշում են առանց Հայաստանի Հանրապետության: Ըստ այդ քարտեզների, Հայաստանը կլանված է Թուրքիայի կողմից:
Կրկնենք, ըստ փորձագիտական հանրության, չնայած առանց այդ էլ դա ակնհայտ է, թշնամին պատրաստվում է պատերազմի, պատրաստվում է իր հաջորդ հանցագործ գործողությանը: Բայց ցավն այն է, որ նման ճակատագրական ու իրական սպառնալիքների պայմաններում Հայաստանում իշխանության են Նիկոլ Փաշինյանն ու յուր ՔՊ-ն: Ու, ահա, վերահաս, բացահայտ տեսանելի սպառնալիքների, փաշինյանական փորձանքաբեր իշխանության պայմաններում Հայաստանը պատրաստվում է... Ամանորին: Իսկ Փաշինյանն էլ զբաղված է «պարապ վախտի խաղալիք» ոճի տեսանյութեր տարածելով ու անկապ գրառումներ անելով: Ինչ վերաբերում է Հայաստանի հնարավոր դաշնակիցներին, ապա Փաշինյանն ու իր ՔՊ-ն կարողացել են վերջնականապես փչացնել հայ ռուսական, հայ-իրանական հարաբերությունները:
Փաշինյանը ձևացնում է, թե հավատում է, որ կա, գործում է ինչ-որ աշխարհակարգ, որտեղ պետությունների սահմաններն անձեռնմխելի են, կա ինչ-որ միջազգային իրավունք և, որ այդ ամենն ինքնըստինքյան ապահովության ու անվտանգության երաշխիք է: Ծվատվող Սիրիան, կրծոտված ՀՀ-ն երևի դրա ակնբախ վկայությունն են:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում