Քաղաքացիներին կվերադարձնե՞ն «կարմիր գծերի» համար վճարած գումարները
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այս տարվա հունվարի 1-ից «կարմիր գծերի» դրույքաչափը դարձավ «աստղաբաշխական». Երևանը, նախ, բաժանեցին Ա և Բ գոտիների, կայանման ժամավճարը դարձավ 200-300 դրամ, իսկ տարեկան դրույքաչափը 12 000 դրամից թանկացավ և սահմանվեց 160 հազար դրամ։
Տարեսկզբից MediaHub-ն ուշադրության կետրոնում էր պահում «կարմիր գծերի» հարցը, մասնավորապես, Կենտրոն վարչական շրջանի բնակիչներին այդպես էլ որևէ արտոնություն չտրվեց, թեպետ հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսիում կենտրոնի բնակիչների համար ավտոկայանատեղիները անվճար են։ Տարին ամփոփելով կարող ենք արձանագրել՝ Վրաստանի մայրաքաղաքի իշխանությունները մտածում են իրենց քաղաքացիների մասին, այլ ոչ թե ոտնահարում նրանց իրավունքները:
Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը դիմել էր դատարան «կարմիր գծերի» ապօրինի թանկացման դեմ, և ՀՀ վարչական դատարանի կողմից կայացվել է որոշում, որով Երևանի ավագանու կողմից ընդունված և այս տարվա հունվարի 1-ից Երևանի ավտոկայանատեղիներում կայանելու համար սահմանված դրույքաչափերը սահմանելու որոշումն անվավեր է ճանաչվել։
Քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը շտապեց նշել, թե դատարանի որոշումն ուժի մեջ չի մտել և սահմանված մեկամսյա ժամկետում քաղաքապետարանի կողմից բողոքարկվելու է։ Ապա ավելացրեց, որ նախկինում վճարված գումարները վերադարձման ենթակա չեն անգամ դատարանի կողմից ընդունված որոշումն ուժի մեջ մտնելու դեպքում:
MediaHub-ի հետ զրույցում Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը նշեց, որ վաղ է ուրախանալ այս լուրից, հատկապես, որ քաղաքապետարանը պատրաստվում է բողոքարկել դատարանի որոշումը.
«Որքան հասկանում եմ, այստեղ իրավական նրբություններ կան, մասնավորապես, ձևակերպումների մեջ է խնդիր եղել։ Բնականաբար, քանի որ քաղաքապետարանը բողոքարկելու է այդ որոշումը, ես շատ մեծ ուրախության առիթ չեմ տեսնում, տեսնենք՝ ինչպիսին կլինի ընթացքը, մանավանդ գիտենք, թե որքան երկար է տևում»,– ասաց Աբգարյանը։
Նա տեղեկացրեց, որ այսօր քաղաքապետարանից ավագանու անդամները ստացել են 2025թ․–ի վճարումների մասին հաղորդագրություն, որտեղ նույն դրույքաչափերն են և ոչինչ չի փոխվել, որևէ բան քաղաքացիների համար չի փոխվել։
Ինչ վերաբերում է գումարների վերադարձի մասին վարորդների հույսերին, Աբգարյանը ասաց․
«Խոսնակը շտապեց գրել գումարերի մասին, նկատի ունենալով, որ մարդիկ այլ կերպ կարող են հասկանալ դատական որոշումը և շտապեն գումարները հետ պահանջել։ Դեռ բողոքարկում է գնում և դեռ պետք է ընթացք ստանա, շարունակվի, այս պահի դրությամբ գումարների մասին խոսք չի կարող գնալ։ Իսկ թե ինչ կլինի, կախված է դատական որոշումից. եթե պարզվի, որ քաղաքապետարանն իրավունք չուներ նման ձև բարձրացնել դրույքաչափերը, ապա քաղաքացիները կկարողանան փոխհատուցման մասին մտածել»:
Այսինքն ստացվում է, որ անկախ դատական այս որոշումից, որը հասկանալի ոգևորություն առաջացրեց հանրության շրջանում, հունվարի 1–ից «կարմիր գծերի» դրույքաչափերը մնալու են նույնը: Նախագիծը ներկայացվել է, դեկտեմբերի 24-ին կայանալիք Երևանի ավագանու նիստում կքննարկվի:
Իսկ եթե բողոքարկումը Երևանի քաղաքապետարանի համար ցանկալի արդյունք չտա, որքա՞ն է լինելու ավտոկայանատեղիների դրույքաչափը.
«Եթե իրավաչափ չճանաչվի ավագանու որոշումը, ապա ուժի մեջ է մնում նախորդ որոշումը, նախորդ սակագինը՝ տարեկան 12.000 դրամ»։
Հետևեք մեզ՝ այստեղ