Մահացել է Ջուլիետի դերակատարուհի Օլիվիա Հասին
КУЛЬТУРАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դերասանուհի Օլիվիա Հասին, որը համաշխարհային հռչակի է արժանացել դեռահաս տարիքում «Ռոմեո եւ Ջուլիետ» ֆիլմում (1968թ.) նկարահանման շնորհիվ, մահացել է 73 տարեկանում, տեղեկացրել է BBC News-ը։
Արգենտինական ծագում ունեցող դերասանուհին, որը մեծացել է Լոնդոնում, մահացել է ուրբաթ օրը՝ սիրելիների շրջապատում, նշվել է նրա Instagram-ում հրապարակված հայտարարության մեջ։
«Մենք սգում ենք այս ծանր կորուստը՝ միաժամանակ նշելով Օլիվիայի տեւական ազդեցությունը մեր կյանքի եւ կինոարդյունաբերության վրա»,- նշված է հայտարարությունում:
Ջուլիետի դերակատարման համար Հասին ստացել է «Ոսկե գլոբուս»՝ որպես լավագույն նոր դերասանուհի։
Նրա մյուս ուշագրավ էկրանային դերը Հիսուսի մոր՝ Մարիամի դերն էր 1977թ. «Հիսուս Նազովրեցի» հեռուստատեսային մինի-սերիալում:
Հասին ծնվել է Բուենոս Այրեսում (Արգենտինա) 1951թ., իսկ յոթ տարեկանում տեղափոխվել է Լոնդոն եւ սովորել Italia Conti Academy-ի դրամատիկական դպրոցում։
Նա 15 տարեկան էր, երբ «Ռոմեո եւ Ջուլիետի» ռեժիսոր Ֆրանկո Զեֆիրելին հայտնաբերեց նրան բեմում՝ «Միսս Ջոան Բրոդիի պրեմիերայում», Վանեսա Ռեդգրեյվի հետ խաղալիս:
Նա Հասիին հրավիրել է 16-ամյա բրիտանացի Լեոնարդ Ուայթինգի հետ՝ Ռոմեոյի դերում։
Ֆիլմը ներկայացվել է «Օսկարի» լավագույն կինոնկարի եւ ռեժիսուրայի անվանակարգերում։
Տասնամյակներ անց Հասին եւ Ռոմեոյի դերակատար Լեոնարդ Ուայթինգը դատի են տվել Paramount Pictures-ին՝ նշելով, որ Զեֆիրելին, որը մահացել է 2019թ., խրախուսել է նրանց մերկ տեսարաններ նկարահանվել՝ չնայած նախկին հավաստիացումներին, որ նրանք ստիպված չեն լինի դա անել:
Դերասանները ավելի քան 500 մլն դոլարի փոխհատուցում են պահանջել՝ հիմնվելով իրենց կրած տառապանքների եւ թողարկումից հետո ֆիլմի բերած եկամուտների վրա:
Բայց անցած տարի դատավորը մերժել է հայցը՝ վճռելով, որ տեսարանը «բավականաչափ սեքսուալ չէր»։
1977թ. Հասին միացել է Զեֆիրելիին՝ մարմնավորելու Մարիամ Աստվածածնին «Հիսուս Նազովրեցի» ֆիլմում, իսկ մեկ տարի անց հայտնվել է «Մահը Նեղոսի վրա» ֆիլմում՝ ըստ Ագաթա Քրիստիի վեպի։
Դերերը «Սեւ Սուրբ Ծնունդ» (1974) ֆիլմում եւ «Փսիխո IV. Սկիզբը» հեռուստաֆիլմում նրան ճանաչում բերեցին որպես ճիչի թագուհու:
Ավելի ուշ նա սկսել է աշխատել նաեւ որպես ձայնավորող դերասանուհի։
Բացի այդ, նա եւ Ուայթինգը միասին նկարահանվել են նաեւ 2015թ. բրիտանական «Սոցիալական ինքնասպանություն» ֆիլմում, որը հիմնված էր «Ռոմեո եւ Ջուլիետի» վրա, բայց սոցցանցերի դարաշրջանում:
Հետևեք մեզ՝ այստեղ