Թուրքիան ԵՄ-ից 5 մլրդ եվրո է պահանջում միգրացիոն ճգնաժամի հաղթահարման համար
ЭКОНОМИКАԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան մտադիր է Եվրամիությունից ավելի շատ փող ստանալ միգրացիոն ճգնաժամի հետ կապված փախստականների հոսքը Եվրոպա կանխելու համար` ավելի վաղ համաձայնեցված 3 մլրդ եվրոյի փոխարեն: Թուրքիան այժմ 3 մլրդի փոխարեն ԵՄ-ից 5 մլրդ եվրո է պահանջում:
Այս մասին, ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, հայտնում է գերմանական Die Welt թերթը` հղում կատարելով Բրյուսելում դիվանագիտական աղբյուրին:
«Անկարան այժմ ուզում է ստանալ 5 մլրդ եվրո, իսկ մենք պատրաստ ենք հատկացնել միայն 3 մլրդ եվրո», -ասել է աղբյուրը:
Բացի այդ, հայտնի է դարձել, որ Թուրքիան դժգոհ է ԵՄ-ը մտադրությունից` անհրաժեշտ նախագծերը ֆինանսավորելու համար միջոցները փոխանցել առանձին տրանշերով:
Արտաքին սահմանների անվտանգության գծով Frontex գործակալության գնահատականներով` 2015 թվականին ԵՄ մուտք են գործել 1,5 մլն-ից ավելի անօրինական փախստականներ: Կանխատեսումների համաձայն` ընթացիկ տարում Թուրքիայով Եվրոպա կժամանեն եւս 1 մլն նոր փախստականներ: