2025-ի առաջին պրեմիերան և կարմիր գորգը. «Կինոմոսկվա»-ում կայացավ Փարաջանովի մասին պատմող ֆիլմի երևանյան պրեմիերան
КУЛЬТУРАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ՝ հունվարի 9-ին, «Կինոմոսկվա»-ում կայացավ ռեժիսոր Զառա Ջյանի «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով - Ս. Փարաջանով» վավերագրական ֆիլմի երևանյան պրեմիերան, որին ներկա էր նաև Tert.am Life-ը:
Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել Վենետիկի փառատոնի շրջանակներում:
Ֆիլմի հերոսներն են՝ ռեժիսորներ Ատոմ Էգոյանը, Էմիր Կուստուրիցան, Թարսեմ Սինխը, դերասանուհի Չուլպան Խամատովան, կինոքննադատ Ժոել Շապրոնը, ռեժիսոր Ալի Խամրայեվը, Լորա Գուերրա (Թ. Գուերրայի կինը), ակադեմիկոս Լևոն Աբրահամյանը, ռեժիսոր Արտավազդ Փելեշյանը: Ֆիլմի հեղինակների խոսքով՝ ֆիլմի 10-րդ հերոսը հենց Սերգեյ Փարաջանովն է:
«Ես շատ դիստրուկտիվ վիճակում վերադարձա Հայաստան 2020 թվականի դեպքերից հետո և օթևան գտա Փարաջանովի թանգարանում: Ամեն ինչ շատ հանկարծակի եղավ:
Չնայած նրան, որ շատ եմ եղել թանգարանում, այդ օրը ինչ-որ մի բան տեղի ունեցավ ու ես հասկացա, որ այդ մարդը նույնիսկ Սովետի տարիներին, երբ եղել է բանտում, ինքը ստեղծագործել է, այսինքն իր ընտրությունը չի եղել կործանումը:
Իր ընտրությունը եղել է արարելն ու այդ արարչական իր աշխատանքով նա հաղթեց բոլոր ռեժիմներին, հաղթեց ինքն իրեն, իր ներսի ագրեսիան, որը կարող էր ձևավորվել, բայց չձևավորվեց»,- պրեմիերայից առաջ անկեղծացավ ռեժիսորը:
Նա նշեց, որ ֆիլմը Փարաջանովի կյանքի մասին չէ, այլ հեղինակի տեսակետն է:
«Այն հատկանիշներից մեկը, որն ինձ մոտեցրեց Փարաջանովին, այն էր, որ նա ազատ էր, Սովետի ժամանակ այնպիսի բաներ էր խոսում, հաստատ իմանալով, որ իրեն տանելու եմ բանտ:
Վենետիկում ինձ հարց տվեցին՝ այս ֆիլմը, որ նկարել ես, հիմա դու Մոսկվա այլևս չե՞ս գնա: Ինչու՞ չեմ գնա, ի՞նչ եմ արել, կգնամ:
Ինձ թվում է, որ, եթե Փարաջանովն ապրեր այսօր, ինքը կլիներ նույնը, ոչինչ հաստատ չէր փոխվի, կվարվեր նույն կերպ ու կխոսեր ազատ»,- նշեց Զառա Ջյանը:
Սերգեյ Փարաջանովի ընկերը՝ ակադեմիկոս Լևոն Աբրահամյանն, ով ֆիլմի հերոսներից մեկն է, մեզ հետ զրույցում նշեց, որ այսօր նույնիսկ նրանք, ովքեր նրան չեն հասկանում կամ հավանում, ձևացնում են, որ հավանում են:
«Արդեն իրենով պարծենում է աշխարհը: Նա ինձ ապացուցեց, որ անկախ ամեն ինչից, անգամ ամենածանր վիճակում, միշտ պետք է մարդ մնալ»,- ընդգծեց Լևոն Աբրահամյանը:
Ավելի վաղ անդրադարձել էինք, որ «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով - Ս. Փարաջանով» ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել էր Վենետիկում:
Հավելենք, որ Ֆիլմն արդեն հասանելի է Երևանի կինոթատրոններում:
Հեղինակ՝ Անի Մնացականյան