Կառավարությունը միջնաժամկետ ծախսային ծրագրով կանխատեսում է տնտեսության հետևողական աճ
ЭКОНОМИКАՀայաստանի կառավարության հաստատմանն է ներկայացվել ՀՀ 2016-2018 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը: Այն ընդգրկված է կառավարության հուլիսի 8-ի նիստի օրակարգում:
Ծրագրով՝ 2015 թվականի համար կանխատեսվում է 1 տոկոս տնտեսական աճ, իսկ 2016-2018 թվականների իրական ՀՆԱ-ի տարեկան աճը, համապատասխանաբար, 2.0, 3.5 և 4%-ի չափով: Ակնկալվում է, որ ծառայությունների և գյուղատնտեսության ճյուղերի նպաստումը ՀՆԱ-ի միջին 3.2% աճին կկազմի համապատասխանաբար 1.2 և 0.9 տոկոսային կետ:
«Միջնաժամկետ կանխատեսումների համար հիմք են հանդիսացել տնտեսության զարգացման արձանագրված միտումներն ու առանձահատկությունները, միջազգային կազմակերպությունների կողմից ներկայացված՝ համաշխարհային տնտեսության վերաբերյալ սպասումներն ու վերլուծությունները, ինչպես նաև ճյուղային նախարարությունների կողմից ներկայացված միջնաժամկետ պետական քաղաքականության ուղղությունները»,- ասված է ծրագրի հիմնավորման մեջ:
Ծրագրով կանխատեսվում է նաև, որ 2015թ.-ին արդյունաբերության իրական աճը կլինի շուրջ 0.6%, իսկ 2016-2018թթ. միջինում 2.7%: Այս կանխատեսումներն, ըստ Կառավարության, հաշվի են առնում տարածաշրջանային զարգացումներով պայմանավորված ներքին պահանջարկի և արտահանման համեստ աճի վերաբերյալ կանխատեսումները: Արդյունաբերության միջնաժամկետ կանխատեսման համար հիմք է հանդիսացել գործընկեր երկրների պահանջարկի աճի վերաբերյալ միջազգային կազմակերպությունների գնահատականները, ինչպես նաև ներքին պահանջարկի վերաբերյալ գնահատատանները, որոնք, արտաքին շոկերի ազդեցությամբ պայմանավորված, համեմատաբար զգուշավոր են կանխատեսվել:
2015 թվականի տարեվերջին ակնկալվում է գյուղատնտեսության իրական աճ շուրջ 4.5%-ի շրջանակներում: Ակնկալվում է, որ 2016-2018թթ. ճյուղի միջին աճը կկայունանա 4.5%-ի շրջակայքում:
Ծրագրով կանխատեսվում է նաև, որ շինարարության ճյուղի ավելացված արժեքը 2015-ին կնվազի 0.6%-ով, իսկ միջնաժամկետում՝ միջինում կաճի 3.8%-ով:
Միաժամանակ, ակնկախլվում է, որ արտահանման աճի և ներմուծման նվազման, իսկ միջնաժամկետի վերջում՝ ներմուծման համեստ աճի պայմաններում զուտ արտահանումը ինչպես 2015թ., այնպես էլ միջնաժամկետ հորիզոնում աստիճանաբար կբարելավվի: 2015-ին կանխատեսվում է արտահանման 6.5% իրական աճ, իսկ տնօրինվող եկամտի նվազման պայմաններում կանխատեսվում է ներմուծման 4.5% իրական նվազում: 2016-2018 թվականներին, պայմանավորված Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությամբ, համաշխարհային տնտեսության զարգացումներով, որը կարտահայտվի մեր տնտեսության արտադրանքի նկատմամբ արտաքին պահանջարկի մեծացմամբ, կանխատեսվում է արտահանման ծավալների միջին իրական աճ 2.1%-ի և ներմուծման ծավալների միջին իրական աճ` 0.1%-ի չափով: