«Ֆեյսբուք» սոցցանցում նոր գործառույթներ կավելանան
ЛАЙФՇատ շուտով «Ֆեյսբուքի» 1.6 մլրդ օգտատերերն ավելի շատ հնարավորություններ կստանան իրենց զգացումներն արտահայտելու համար: 4 ամիս շարունակ ԱՄՆ-ից դուրս փորձարկումներ անելուց հետո Մարկ Ցուկերբերգն ասել է, որ շատ շուտով 6 նոր էմոցիաներ կավելանան սոցիալական ցանցում:
Ցուկերբերգն ավելի ճշգրիտ ժամանակացույց չի նշել, երբ չորեքշաբթի օրը վերլուծողների հետ քննարկվում էր այդ նորույթը: Այնուամենայնիվ, փոփոխությունները կհրապարակվեն հաջորդ մի քանի շաբաթների ընթացքում: Նորույթները տեղադրվելու են այն կոճակի տակ, որին մենք սեղմում ենք մեկնաբանությունը, նկարը կամ տեսանյութը հավանելու համար:
Դրանք կընդգրկեն «բարկության», «տխրության», «զարմանքի», «ծիծաղի», «ուրախության» և «սիրո» նշաններ: «Մենք ցանկանում ենք մարդկանց տալ հնարավորություն կիսվել այն ամենով, ինչ իմաստալից է նրանց համար, այլ ոչ միայն այն բաներով, որոնք ուրախալի են և որոնք մարդիկ հավանելու են, երբ տեսնեն»,- նշել է Ցուկերբերգը:
«Ֆեյսբուքը» հույս ունի, որ ավելացված ընտրությունները կքաջալերեն մարդկանց ավելի հաճախ կիսվել իրենց մտքերով և ավելի երկար ժամանակ անցկացնել սոցցանցում:
Սոցցանցը փորձարկել է մարդկանց տարբեր ռեակցիաները Չիլիում, Ֆիլիպիններում, Պորտուգալիայում, Իռլանդիայում, Իսպանիայում, Ճապոնիայում և Կոլումբիայում:
Ցուկերբերգը նշել է, որ «Ֆեյսբուքի» ինժեներները դեռ որոշ մանրուքներ պետք է ավարտին հասցնեն, որպեսզի նորություններն առաջարկվեն աշխարհի մնացած մասերում:



