Ի տարբերություն հայկական մյուս ակումբների՝ «Բանանց»-ի մարզադպրոցում մարզումները վերսկսվում են փետրվարից
СПОРТԵրևանի «Բանանց» ֆուտբոլային ակումբի մանկապատանեկան դպրոցում, ի տարբերություն հայկական մյուս ակումբների, որոնք աշխատանքները սկսել են հունվարի սկզբներից, մարզումները վերսկսվելու են միայն փետրվարի 2-ից և 5-ից: Օրինակ, Երևանի «Փյունիկ»-ի և ֆուտբոլի ակադեմիայի մարզադպրոցները աշխատանքները դադարեցրել են դեկտեմբերի 10-ից և վերսկսել հունվարի 11-ից, իսկ «Բանանց»-ն արձակուրդ է մեկնել նոյեմբերի վերջից: Փաստորեն, ակումբի մարզադպրոցն արձակուրդում է գտնվել շուրջ երկու ամիս:
«Արմենպրես»-ի հետ զրույցում «Բանանց»-ի մամուլի քարտուղար Դավիթ Գալստյանն անդրադառնալով այս հանգամանքին՝ նշեց, որ չի կարող «Բանանց»-ը համեմատել այլ ակումբների հետ և ավելացրեց, որ իրենց ակումբի մանկապատանեկան մարզադպրոցում արդեն իսկ պատրաստ են դասացուցակները, համապատասխան հանձնարարականներ են տրվել բոլոր մասնագետներին: ««Բանանց»-ի ակադեմիայում բազային կատեգորիայի մարզումները, որոնք վճարովի են, սկսվել են այսօրվանից, իսկ պրոֆեսիոնալ կատեգորիայով մարզումները կմեկնարկեն փետրվարի 5- ից»,- ասաց Գալստյանը:
Նրա խոսքով՝ ակումբի ակադեմիան գլխավորում է թիմի գլխավոր մարզիչ Տիտո Ռամալյոն, ով նախկինում աշխատել է իսպանական հայտնի ակումբներից մեկում՝ «Դեպորտիվո»-ում, իսկ ակադեմիայի աշխատանքները համակարգում է 36-ամյա իսպանացի մասնագետ Կառլոս Լուենգո Պենյան, ով Իսպանաիայում նմանատիպ աշխատանքի փորձ ունի և աշխատել է Ռեգիոնալ լիգայի թիմերից մեկում:
Դիտարկմանը, որ տպավորություն է՝ կարծես «Բանանց»-ում հիմնական շեշտը դրվում է ակումբի առաջին թիմի վրա, որը մարզումները սկսել է հունվարի սկզբից, արդեն ավարտել է արտերկրյա առաջին ուսումնամարզական հավաքը, համալրվել է մի քանի լեգեոներներով, ինչպես նաև տեղացի ֆուտբոլիստներով՝ այդ թվում Զավեն Բադոյանով, մամուլի քարտուղարն ասաց. «Նման բան չկա: «Բանանց»-ի ակադեմիան ակումբի հարստությունն է»: Նրա խոսքով՝ աշխատանքներ են տարվում ակումբի առաջին թիմն էլ ավելի ուժեղ դարձնելու համար, որի հաջողություններով մարզադպրոցի երեխաները կհպÕ �րտանան և կձգտեն հասնել նույնպիսի հաջողությունների:
«Բանանց»-ում նախորդ աշնանից տեղի ունեցած փոփոխություններից հետո ակումբի մարզումային աշխատանքները ղեկավարում է Տիտո Ռամալյոյի գլխավորած իսպանացի մարզիչների խումբը: