Ձմեռային երկրորդ պատանեկան Օլիմպիական խաղերին Հայաստանից կմասնակցի երկու մարզիկ
СПОРТՀայաստանը ձմեռային երկրորդ պատանեկան Օլիմպիական խաղերին կմասնակցի երկու մարզիկով: «Արմենպրես»-ի, հաղորդմամբ, Լիլեհամերի ձմեռային խաղերին հանդես կգան գեղասահորդ Անաստասիա Գալուստյանը և դահուկորդ Միքայել Միքայելյանը:
Պատանեկան Օլիմպիական խաղերը կմեկնարկեն փետրվարի 12-ին և կեզրափակվեն 21-ին: Ձմեռային պատանեկան երկրորդ Օլիմպիական խաղերը կանցկացվեն նորվեգական Լիլեհամեր քաղաքում, որն իր պատմության ընթացքում երկրորդ անգամ է հյուրընկալում խաղերը: Դեռևս 1994 թվականին Լիլեհամերն ընդունել էր 15-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը: 2016 թվականի պատանեկան խաղերը հյուրընկալելու միակ հայտը ներկայացրել էր հենց Լիլեհամերը:
2011 դեկտեմբերի 7-ին պաշտոնապես հայտարարվել էր, որ երկրորդ պատանեկան խաղերը կանցկացվեն նորվեգական այս քաղաքում: Լիլեհամերը դարձավ երկրորդ քաղաքն Ինսբրուքից հետո, որը կընդունի թե ձմեռային Օլիմպիական խաղերը և թե պատանեկան Խաղերը:
Լիլեհամերի պատանեկան Օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողության ժամանակ խաղերի կրակը կվառի Նորվեգիայի արքայադուստր Ինգրիդ Ալեքսանդրան, ինչպես իր հայրը՝ թագաժառանք արքայազն Հաակոնը, 1994 թվականի Օլիմպիական խաղերի բացման ժամանակ: