Արդեն երեք օր է՝ Անդրանիկ Հարությունյանը նոր «պաշտոն» ունի. այսուհետ նա կներկայանա որպես բիզնեսմեն: Life.panorama.am-ին դերասանը պատմել է նոր աշխատանքի մասին.
«Նախ նշեմ, որ յուրաքանչյուր ոլորտում, որտեղ թեկուզ փոքրիկ աշխատանք եմ ծավալում, ներառում եմ ողջ ուժերս, որպեսզի հնարավորինս լավ կերպով ներկայանամ: Ինչ վերաբերվում է նոր աշխատանքիս, որի երրորդ աշխատանքային օրն է այսօր, առաջարկը ստացա ընկերոջս՝ Check in friends club-ի սեփականատեր Աշոտ Սարգսյանի կողմից, որպեսզի ես լինեմ այդ ակումբի գործադիր տնօրենը, որն էլ սիրով ընդունեցի: Ուզում եմ ինձ նաեւ այս ոլորտում տեսնել, հուսամ, որ ամեն բան լավ կլինի»,- նշեց դերասան-բիզնեսմենը:
«Այստեղ պետք է հետեւեմ, որ բոլորը ճիշտ աշխատեն, պահպանվի մաքրությունը, ուտեստները լինեն համեղ, մի խոսքով, որպեսզի հյուրերը գոհ մնան մեզանից ու բարձր տրամադրություն միշտ իշխի»,- հավելեց նա:

Հետաքրքրվելով, թե որքանո՞վ են հավաստի արդեն հյուսված ասեկոսեները, թե Անդրանիկ Հարությունյանը Check in friends club-ի սեփականատերերից մեկն է, դերասանը պատասխանեց. «Այդ ասեկոսեներն այնքան էլ ճշմարտությանը չեն համապատասխանում: Ճիշտ է՝ այստեղ ես որոշակի տոկոսներ ունեմ ընդհանուր եկամտից, բայց դա սեփականատերերից մեկը լինել չի նշանակում: Անկեղծ ասած՝ սա ընկերների գործ է ՝ իմ ու Աշոտի, այնպես որ տոկոսների հետեւից ընկնել ու դրանց մասին խոսելը շատ սխալ է»:
Քանի որ նման դեպքերում մեծ ներգործություն է ունենում հայտնի մարդ լինելու հանգամանքը, Անդրանիկ Հարությունյանը նկատեց նաեւ. «Ես շատ ուրախ կլինեմ, որ մարդիկ ինձ տեսնելու համար ցանկանան գալ մեր ակումբ, ես միշտ պատրաստ կլինեմ նրանց հետ խոսելու, նկարվելու, բայց մենք շեշտը դնելու ենք սպասարկման որակի վրա, այլ ոչ թե իմ գործառույթի վրա»,- հավելեց նա:
Իսկ թե չունենալով համապատասխան գիտելիքներ, ինչպե՞ս է Անդրանիկը գլուխ բերելու նոր բիզնեսը, վերջինս պատասխանեց. «Ես ունեմ միայն միջնակարգ կրթություն, Թատերական ինստիտուտ չեմ սովորել եւ դիպլոմ չունեմ, բայց, թատրոնում աշխատելով՝ կարողացել եմ սովորել այն ամենն, ինչ կապված է թատրոնի հետ, չունենալով դիպլոմ՝ փորձեցի հասնել էսօրվան, նույն կերպ այստեղ, չունենալով կրթություն նաեւ բիզնես ասպարեզում, շատ հնարավոր է, որ վաղը մեծ սուպերմարկետ ունենամ»:
.jpg)
Քանի որ վերջին օրերին լուրեր են տարածվել, թե ակումբային բիզնեսը դերասանի միակ բիզնեսը չէ եւ նա զբաղվում է նաեւ ԱՄՆ-ից Հայաստան ավտոմեքենաների ներմուծմամբ, Անդրանիկ Հարությունյանի հետ խոսեցինք նաեւ այդ թեմայի շուրջ. «Այ դա չի համապատասխանում իրականությանը, ես ուղղակի նկարվել եմ նման ընկերության գովազդում, բայց որպես բիզնես, դրա հետ կապ չունեմ, թեպետ դեմ չէի լինի միանգամից նման լուրջ ֆինանսական գործով զբաղվել»,- նշեց նա:
Դերասանը խոստացավ, որ իր առաջին մասնագիտությանը՝ դերասանական արվեստին, նոր աշխատանքը չի խանգարի. «Միանշանակ դերասանական աշխատանքին ոչինչ խանգարել չի կարող: Ես առաջվա նման գործելու եմ այդ ոլորտում, նոր աշխատանքս ոչ մի տեսակ վատ ներգործություն չի ունենա, ժամանակս էլ հաստատ կբավարարի, քանի որ ամեն րոպե չեմ լինելու ակումբում»,- շեշտեց նա:
Առաջիկայում Անդրանիկ Հարությունյանը նոր ու շատ հետաքրքիր աշխատանքով կներկայանա. «Շատ շուտով հեռուստադիտողին կներկայացնենք հումորային տեսահոլովակ, որին կհաջորդի ներկայացում, սակայն առավել մանրամասնել չեմ կարող: Խոսքը «ԴեպուՏԱՏԻ» շոուի մասին է. որպես դերասան խոստանում եմ, որ այն շատ ուժեղ գործ է լինելու»,- հավելեց դերասանը:



