Շքեղ ինքնաթիռներ (լուսանկարներ)
ЛАЙФՇքեղ ինքնաթիռներ VIP հյուրերի, կառավարական կազմի և բարձրաստիճան գործարարների համար
Բարձրակարգ և բացառիկ ատրիբուտներ ցանկացած վայրում. հավանաբար, նման կարգախոսով են առաջնորդվում որոշ VIP հյուրեր, պատգամավորներ ու բարձրաստիճան գործարարներ նույնիսկ օդային պայմաններում:
Այս ինքնաթիռներում ստեղծված են բոլոր անհնար և հնարավոր պայմանները` նման հյուրերի համար ուղևորափոխադրումը հնարավորինս հարմարավետ, բարձրակարգ և էլիտար դարձնելու համար: Նման ինքնաթիռների վարձակալման, ձեռքբերման կամ ընդամենը մեկ նստատեղի տոմս գնելուն չանդրադառնանք, խոսենք դրանց ներքին «համեստ» հարդարանքի մասին:
Airbus-ը, օրինակ, առաջարկում է լավագույն ավիացիոն լուծումները «լավագույնների» համար` A318 Elite, Airbus Corporate Jetliner (ACJ), A320 Prestige, A330, A340 և նույնիսկ A380: Եվ այս ամենը էքսկյուզիվ պայմաններով, ինչպես օրինակ, առաջատար թվային տեխնոլոգիաներով, կահույքի ամենաակտուալ միտումներով` պատված ոսկե և թանկարժեք քարերով:
Airbus Corporate Jetliner (ACJ) ինքնաթիռը համարվում է աշխարհի առաջատար կորպորատիվ և VIP հաճախորդների համար լավագույն ինքնաթիռը:
Airbus ACJ Family ընտանեկան ինքնաթիռը ստեղծված է 19-50 ուղևորների բարձրակարգ և նորարար փոխադրման համար:
Airbus A340-ի ներքին հարդարանքի դիզայնը կատարվել է փարիզաբնակ դիզայների կողմից հատուկ Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարակի համար:
A380-ները
A318 և A380 ինքնաթիռներում աշխատել են հնարավորինս չկտրել աշխատանքային գործընթացից աշխարհի գերխնդիրներով մտազբաղ գործարարներին և առաջարկում են քննարկումներ անցկացնել անմիջապես ինքնաթիռի բիզնես և կոնֆերանս սրահներում:
Ընդմիջման պահին էլ հանգիստն անցկացնել լաունջ սրահներում, անհատական սենյակներում` նույնիսկ կահավորված ցնցուղներով:
Այս նկարում ներկայացված է A380-ի ներքին ինտերիերի դիզայնը Մերձավոր Արևելքի երկրներից մեկի անանուն հաճախորդի համար:
A380 ամենամեծ ինքնաթիռներից մեկը պատկանում է նաև ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովրիչին: Ասում են, թե ինքնաթիռի ներքին ինտերիերի դիզայնը կատարվել է բարձր կարգի ոսկե ատրիբուտներից և կարմիր փայտից: Չենք եղել ինքնաթիռում, չենք կարող փաստել:
Այս ինքնաթիռի նախնական գինը գնահատվում է մոտ 300 մլն ամերիկյան դոլար, ինչը, սակայն, փոխվել է` ինքնաթիռում մի շարք անհատական մոտեցմամբ փոփոխություններից և քմահաճո ատրիբուտներ ավելացնելուց հետո:
Այս ինքնաթիռում կարելի է գտնել ընդամենը երեք ննջարան, հանգստի սենյակ, ճաշասենյակ, սաունա, մարզման հարմարանքներ:
Նման մի շքեղ ինքնաթիռ էլ ձեռք է բերել նաև Սաուդյան Արաբիայի արքայազն Ալվալեդ բին Թալալը, ով 500-525 մլն ամերիկյան դոլարի կարգի կլորիկ գումար է վճարել անհատական դիզայնով ինքնաթիռի ձեռքբերման համար: Ինքնաթիռում կա spa սրահ, սաունա, մերսման սրահ, համերգային դահլիճ, դե լավ, փոքրիկ համերգային դահլիճ, բար, պարահարթակ, մարզման սենյակ: Իսկ հյուրերի համար արքայազնը հոգացել է նախօրոք: Պատվավոր հյուրերը կկարողանան հանգիստն անցկացնել առանձին խցիկներում:
Սրանք մեկ այլ A380 շքեղ ինքնաթիռի լուսանկարներն են: Ինքնաթիռը պատկանում է Արաբական Միացյալ Էմիրություններին:
Եթե կա ցանկություն «համտեսելու» A380-ի մոտավոր շուքը, ապա կարող եք Սինգապուրյան ավիաուղիների առաջին կարգի ուղետոմս գնել: Այստեղ կարելի է հարմարավետ տեղավորվել անհատական խցիկներում` ապահովված շքեղ պայմաններով:
Օրինակի համար նշենք, որ այս ավիաուղիների նման ինքնաթիռով մեկ ուղետոմսի գինը, օրինակ` Սինգապուրից Նյու Յորք, կկազմի մոտավորապես 16 հազ. դոլար: Թռիչքի ժամանակ ուղետոմսի գնի մասին ակամա հիշելու և փոքր-ինչ նյարդայնանալու դեպքում կկարողանաք թոթափել նյարդային լարվածությունը սինգապուրյան ավանդական մերսման միջոցով:
Բացի պերճաշուք և նորարարական թվային լուծումներից, բնական է, որ այս ինքնաթիռներում ապահովված են նաև անվտանգության բոլոր ամենաթարմ լուծումները:

























