Ժաննա Ֆրիսկեի հայրը պայման է դրել «Ռուսֆոնդի» առաջ, որը նրան մեղադրում է երգչուհու բուժման փողերը գողանալու մեջ
ЛАЙФԺաննա Ֆրիսկեի բուժման համար երկրպագուների հավաքած գումարների շուրջ բարձրացած աղմուկը չի հանդարտվում: «Ռուսֆոնդ» հիմնադրամը համարում է, որ երգչուհու հաշվեհամարին փոխանցված 21 մլն ռուբլին կարող է գողացված լինել: Հետաքննությունը պարզել է, որ այդ փողերից Դմիտրի Շեպելեւը երեք փոխանցում է արել արտասահման՝ 170 հազար դոլար՝ Գերմանիա, 104 հազար՝ Նյու Յորք ու 180 հազար՝ Լոս Անջելես: Տրամաբանական հարց է ծագում՝ իսկ ո՞ւր են կտրոնները:

«Այն, որ Շեպելեւը երեք փոխանցում է արել արտասահման, ճիշտ է: Նա վճարել է Ժաննայի բուժումը Գերմանիայում, Լոս Անջելեսում ու Նյու Յորքում: Կտրոնները նրա մոտ պետք է լինեն: Դա բուժման վճարի ընդամենը մի մասն է: Մնացածը ես վճարել եմ իմ անձնական գումարներից: Ժաննան բուժվել է Մայամիում, ու այդ բուժման կուրսի համար դեռ պարտք է մնացել՝ 104 հազար դոլար: Ես այս պարտքը վճարելու եմ իմ գումարներից, ինչպես առաջ եմ արել: Բայց դա «Ռուսֆոնդին» բացարձակապես չի վերաբերում»,- հայտնել է Ժաննա Ֆրիսկեի հայրը:

Վլադիմիր Բորիսիի խոսքով, բուժման համար սկզբում Շեպելեւն էր վճարում: Երբ 2015 թ. մարտին Ֆրիսկեի ընտանիքը հրաժարվել է նրա ծառայություններից՝ խնդրել է նաեւ, որ Դմիտրին իրենց տա երգչուհու բանկային քարտերը: Բայց Շեպելեւը դրանք միայն մայիսին է տվել: Ինչպես նշում է Ֆրիսկեի հայրը, այդ բոլոր քարտերի վրա արդեն շատ քիչ գումար կար՝ շոումենն իբրեւ ծախսել էր դրանք:

«Բուժման ծախսերին վերաբերող բոլոր կտրոնները ես հավաքել եմ: Հեշտությամբ կարող են հաշվետու լինել 21 մլն ռուբլու համար, քանի որ իրականում ես ավելի մեծ գումարի կտորններ էլ ունեմ: Ինձ վիրավորել է «Ռուսֆոնդի» հայտարարությունն այն մասին, որ ես իբրեւ գողացել եմ այդ գումարները: Ես ծախսել եմ մեր ընտանիքի անձնական խնայողությունները: Նրանց հայտարարությունից հետո ես դատապաշտպանիս հետ գնացել եմ «Ռուսֆոնդ»: Ասել եմ, որ պատրաստ եմ ներկայացնել Ժաննայի բուժման ծախսերի կտրոնները: Նրանց տվել եմ փաստաթղթերը: Բայց խնդրել եմ, որ «Ռուսֆոնդի» ղեկավարը ներողություն խնդրի ինձնից: Իսկ երբ ինձ պատասխանել են, որ ղեկավարը տեղում չէ ու նրա հետ կապ հաստատելն անհնար է, ես հետ եմ վերցրել փաստաթղթերը: Եվ հիմա հաշվետվություն կներկայացնեմ ներողությունից, կամ դատարանի որոշումից հետո: Եթե դատարանը պարտավորեցնի, ես կանեմ դա»,- մեջբերում է Վլադիմիր Ֆրիսկեի խոսքերը «Комсомольская правда»:




